civilnet.am ՀՀ քաղաքացիություն է ստացել Արցախից բռնի տեղահանված 34,576 հայրենակից, մերժման դեպքեր չկան։ Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ մարտի 20-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում։
«Մենք չենք ունեցել որևէ իրավիճակ, երբ մեր հայրենակիցը կդիմի ՀՀ քաղաքացիության համար և կստանա մերժում»,- ասել է նախարարը։
Նախարարի խոսքով՝ Արցախից տեղահանված 28,000 անչափահասներից 12,000-ը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն։ Ըստ Սարգսյանի՝ վերջին շրջանում աճել է նաև քաղաքացիության համար դիմումների տեմպը։
«Եթե 2025-ի առաջին կիսամյակում մենք ստանում էինք շուրջ 4000 դիմում քաղաքացիության մասով, 2026-ի առաջին 2,5 ամսվա ընթացքում այս թիվը հատել է 5000-ը»,- ասել է նախարարը։
2023-ի սեպտեմբերին Ադրբեջանը 24-ժամյա ռազմական գործողությունից հետո զավթեց Արցախը։ Հայկական բնակչությունը հարկադրված լքեց իր հայրենիքը և տեղափոխվեց Հայաստան։