news.am Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա՝ մարտի 20-ի նիստում միջադեպ Է տեղի ունեցել պատգամավորների և լրագրողների միջև։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ հանձնաժողովի նիստին ներկա 11 լրագրողից միայն մեկն է չեզոք, մնացած 10-ը ընդդիմադիր են, ինչին դժգոհություն հայտնեց լրագրող Փայլակ Ֆահրադյանը։
Ալեքսանյանն ասաց. «Մյուս անգամ հանձնաժողովի նիստի ժամանակ չհամարձակվեք խոսել պատգամավորի հետ։ Այ քեզ բան։ Ձեզ ո՞վ է էլի իրավունք տվել առհասարակ, որ հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավորին արձագանք եք տալիս»։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ դիմեց լրագրողներին. «Դուք իրավունք չունեք արձագանքել, ուշադիր լսեք և գնացեք արձանագրեք, որ դուք վատ բան եք լսել, կամ լավ բան»։ Քոչարյանը դուրս հրավիրեց լրագրող Ֆահրադյանին։
Վահագն Ալեքսանյանը շարունակեց. «2010-2017 թվականներին տարեկան սպանությունների թիվը միջինում եղել է 52, վերջին հինգ տարում այդ թիվը միջինում 50 է, բայց էս մարդկանց լուսաբանածը այնպես է, որ սպանությունների թիվը տարեկան 100 անգամ աճել է։ Ակնհայտ է, որ այդպես պետք է լինի, որովհետև ակնհայտ է, որ օլիգարխի կոնկրետ մի կլան, կոնկրետ քաղաքական կենտրոն զրկվել է Հայաստանում իշխանությունից»։
Լրագրողների կողմից առարկություններ հնչեցին, ինչին ՔՊ պատգամավորն արձագանքեց. «Ուրեմն դուրս եկեք մի հատ այստեղից, եթե ձեզ թվում է, թե դուք կարաք այստեղ հանձնաժողովի նիստի մասնակցեք, այ քեզ բան։ Հա, կարանք ձեզ լիքը բան ասենք»։
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը կոչ արեց Ալեքսանյանին չափավորել իր խոսքը և չթիրախավորել լրագրողներին, ինչին վերջինս արձագանքեց. ««Դուք ձեր չափը ճանաչեք, հերիքը քեզ եղավ, մյուս անգամ ձեն չբարձրացնես ստեղ։ Ում ծառայում են ընդդիմադիր լրագրողները, կներեք արտահայտությանս համար, նա էլ «պաստուպիտ է ըլնում»։
Գեղամ Մանուկյանն էլ ասաց. «Էս գողակա՞ն եք, հա՞, «արա»-ով, բանով»։
Ալեքսանյանն արձագանքեց․ «Գողականը ձեր շեֆերն են ու ձեր շեֆերի շեֆերն են։ Էն որ Ազգային ժողովի ամբիոնից պարեկների աշխատավարձը հինգ տարի է թիրախավորում եք»։
Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց հանդարտվել և աշխատել. «Հիմա սենսացիաները վերացավ, շարունակում ենք աշխատանքը»։