Սպիտակ փոշին թմրամիջոց չի եղել. երեխային ի սկզբանե թիրախավորել ենք. ՆԳ նախարարը՝ Մխչյանի դպրոցի միջադեպի մասին | news.am

news.am Մխչյանի դպրոցի մասով ի սկզբանե բոլորիս մոտ այն ընկալումն էր, որ, այո՛, փոշենման զանգվածը թմրանյութ է: Բնականաբար, այդ տրամաբանությամբ է վարույթը նախաձեռնվել, բայց հետո պետք է փորձաքննություն իրականացվեր: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով փորձաքննության արդյունքները:

«Իրավապահ համակարգը փորձաքննության արդյունքում պարզել է, որ մենք թմրամիջոցի հետ գործ չունենք: Փոշենման սովորական սպիտակ զանգված է եղել, ոչ թմրամիջոց: Ոչ մի վտանգավոր բան չի եղել: Կարող եք դիմել, եթե ՔԿ-ն ճիշտ համարի այս պահին՝ նախաքննության շրջանակներում, կարող է փորձագիտական եզրակացության մասով ինֆորմացիան հավելյալ տրամադրել:

Ինչո՞ւ եմ ուզում սա ասել, որովհետև ստացվում է, որ մենք մի ընտանիքի երեխայի ի սկզբանե ասում ենք, որ դու թմրամոլ ես կամ դու ստիպել ես որևէ այլ ընտանիքի երեխայի թմրամիջոց օգտագործել, շանտաժ ես արել դրա համար, բայց վերջում պարզում ենք, որ թմրամիջոց չի եղել:

Իհարկե, իրադարձությունը բացասական է, այսինքն՝ ոչ մեկը չի անդրադառնում իրավիճակին և ասում, որ ամեն ինչ նորմալ է, եթե թմրամիջոց չէ: Իրավիճակն անընդունելի է, բայց տեսեք, մենք արդեն պիտակավորել ենք այդ երեխաներին մեր խոսույթով: Ուզում եմ, որ մենք բոլորս ավելի հոգատար լինենք մեր խոսույթի նկատմամբ, մեր անչափահասների նկատմամբ, և եթե կա տվյալ, որ դա թմրամիջոց չէ, մենք ունենանք այդ մոտեցումը, որ բարձրաձայնենք դեպքի մասին:

Որևէ մեկը չի ասում, որ իրավիճակը չի եղել, բայց պետք է իրերը կոչենք իրենց անուններով, որովհետև, պատկերացնո՞ւմ եք, թե հատկապես մարզային հատվածներում ինչպիսի ընկալումներ կան, ինչպիսի կարծրատիպեր կան, որոնք փոխելու համար մեզ շատ ջանք ու եռանդ է պետք»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսին լուրեր էին տարածվել, որ Մխչյանի դպրոցում բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել. նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ): 4 անձի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում: 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր դաստիարակչական հսկողություն և վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք, 1 անձի վերաբերյալ՝ ձերբակալման որոշում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն