armenpress.am Մերձավոր Արևելքում զարգացումների պայմաններում Հայաստանի պետական մարմինները շարունակում են գնահատել հնարավոր ռիսկերը և իրականացնել անհրաժեշտ գործողություններ։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին հետախուզական ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը։
Լրագրողի հարցին՝ արդյոք Իրանում տեղի ունեցող պատերազմը վտանգներ ստեղծու՞մ է Հայաստանի խաղաղության համար, Գրիգորյանը պատասխանեց․
«Հայաստանի պետական մարմինները շարունակում են իրենց աշխատանքը, ռիսկերը գնահատվում են, գործողությունները կատարվում»։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։