ԱՄԷ-ն հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի և Իրանի կողմից ֆինանսավորվող «ահաբեկչական ցանց» է վերացրել | armenpress.am

armenpress.am Արաբական Միացյալ Էմիրությունների պետական ​​անվտանգության ծառայությունը մարտի 20-ին հայտարարել է լիբանանյան «Հեզբոլլահ»-ի և Իրանի կողմից ֆինանսավորվող և ղեկավարվող «ահաբեկչական ցանցի» վերացման և դրա անդամների ձերբակալման մասին։ Այս մասին հաղորդում է էմիրաթական ​​WAM լրատվական գործակալությունը։

ԱՄԷ-ն մեղադրել է ձերբակալված անձանց «երկրի ներսում կեղծ բիզնեսի քողի տակ գործելու և ազգային տնտեսություն ներթափանցելու ու երկրի ֆինանսական կայունությանը սպառնացող արտաքին սխեմաներ իրականացնելու համար»։

Գործակալությունը պարզաբանում է, որ ցանցը, գործելով «Հեզբոլլահ»-ի և Իրանի հետ կապված արտաքին դերակատարների հետ նախապես մշակված ռազմավարական սխեմայով, խախտել է փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և ազգային անվտանգությանը սպառնացող տնտեսական և իրավական կարգավորումները։

Պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ազգային տնտեսությունը կամ քաղաքացիական ինստիտուտներն ահաբեկչական կամ դավադրության նպատակներով շահագործելու ցանկացած փորձի դեմ իրենք կգործեն վճռականությամբ և ուժով՝  թույլ չտալով որևէ արտաքին միջամտություն, որը կսպառնա պետության անվտանգությանը կամ կայունությանը։

Հրապարակվել են հինգ բանտարկյալների լուսանկարները՝ առանց նրանց ինքնությունը նշելու։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն