Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Նիստի ընթացքում քննարկվել են երթևեկության մասնակիցների կարգապահության բարձրացմանը, ինչպես նաև ավտոմեքենաների թվի աճով պայմանավորված երթևեկության կազմակերպման գործող մոտեցումների վերանայմանը միտված միջոցառումները: Այս համատեքստում քննարկվել է խցանումների հաղթահարման նպատակով տեխնիկական լուծումների կիրառման հնարավորությունը:
Աշխատանքային խմբի անդամների կողմից ներկայացվել են նաև միջազգային հաջողված փորձի վերաբերյալ վիճակագրական տվյալներ:
Անդրադարձ է կատարվել տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը կարգավորող ճանապարհային երթևեկության կանոնների արդյունավետությանը, ինչին հաջորդել է աշխատանքային խմբի անդամների կողմից այդ կանոնների լրացմանը ուղղված առաջարկությունների ներկայացումը:
Քննարկման ընթացքում ներկայացվել են մասնագիտական առաջարկություններ, որոնք ընդգրկում են համապատասխան տեխնիկական և իրավական բարեփոխումների իրականացման հեռանկարները՝ երթևեկության կազմակերպման բարելավման և տեղաշարժի հոսքի օպտիմալացման նպատակով:
Անդրադարձ է կատարվել նաև բեռնատար ավտոմեքենաների երթևեկության կազմակերպման և աղբահանության աշխատանքների ժամանակացույցի կարգավորման վերաբերյալ ներկայացված առաջարկություններին: Մասնավորապես՝ քննարկվել են այն հնարավոր կարգավորումները, որոնք կարող են նպաստել քաղաքի ծանրաբեռնված հատվածներում երթևեկության առավել արդյունավետ կազմակերպմանը՝ հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունը, ճանապարհային անվտանգության պահանջները, ինչպես նաև աղբահանության ծառայությունների գործունեության և երթևեկության կազմակերպման գործընթացների փոխկապակցվածությունը:
Նիստի ավարտին փոխվարչապետի կողմից պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ: