armenpress.am Ամերիկայի Միացյալ Նահանգները դիտարկում է Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրանի նկատմամբ ռազմական գործողությունը դադարեցնելու հնարավորությունը: Այս մասին Truth Social հարթակում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ իրենք շատ մոտ են իրենց առջև դրված նպատակներին։
«Իրանական հրթիռային ներուժի, արձակիչների և դրանց վերաբերող մնացած ամեն ինչի ամբողջական ոչնչացում, Իրանի պաշտպանական-արդյունաբերական բազայի ոչնչացում, վերացնել նրանց ռազմածովային և ռազմաօդային ուժերը՝ ներառյալ հակաօդային պաշտպանության միջոցները, երբեք թույլ չտալ, որ Իրանը նույնիսկ մոտենա միջուկային ներուժին և միշտ կարողանա արագ և հզոր արձագանքել նման իրավիճակին, եթե այն առաջանա, Մերձավոր Արևելքի մեր դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Քուվեյթի և այլոց ամենաբարձր մակարդակով պաշտպանություն»,- գրել է Թրամփը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։