Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել․ Փաշինյանը՝ արցախցի կնոջը

«Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,- այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը արցախցի կնոջը, որի հետ վիճաբանության էր բռնվել, երբ ուզում էր նրա որդուն Հայաստանի փոքրիկ քարտեզ նվիրել, իսկ կինը հրաժարվում էր վերցնել այն։ Այս միջադեպը քննարկումների առիթ է դարձել համացանցում։

Վարչապետը գնացքով երթեւեկող կնոջ երեխային ցանկացավ Հայաստանի փոքրիկ քարտեզ նվիրել, սակայն մայրը հրաժարվեց և խնդրեց չխանգարել իրենց՝ նշելով նաեւ, որ իրենք իրենց քարտեզն ունեն, որտեղ նաեւ Արցախը կա։ Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը շարունակեց խոսակցությունը՝ պնդելով՝ «Ձեր տղան այս քարտեզում է ապրելու»։

Ի պատասխան Փաշինյանի՝ արցախցի կինն ասաց․ «Դուք չեք թողնելո՞ւ, որ մենք մեր Արցախում ապրենք։ Դուք չեք կարող մեզ զրկել մեր Արցախում ապրելու հույսից»։

«Մենք ամեն ինչ արել ենք, որ դու Արցախում, Ղարաբաղում ապրես։ 2023 թվականին այդ դուք էիք, որ մեղադրում էիք ինձ, որ ես սահմանները փակել եմ, որ ժողովուրդը չգա Հայաստան։ Եվ ինձնից պահանջում էիք, որ սահմանները բացեմ և ասում էիք, որ հատուկ փակել է, որ Ղարաբաղից ժողովուրդը չգա, հիմա եկել եք այստեղ, ասում եք, վայ, բա մենք ուզում ենք վերադառնանք։ Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներն ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչի՞ չեք մնացել։ Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,- ասաց Փաշինյանը։

Վիճաբանության ընթացքում Փաշինյանը «մատ էր թափ տալիս» քաղաքացու վրա և բարձր տոնով խոսում, ու չնայած քաղաքացու հորդորին, որ իր հետ այդկերպ եւ այդ տոնով չխոսի, Փաշինյանն ասաց՝ «ես տենց կխոսամ Ձեզ հետ»։

Փաշինյանը խոսակցության վերջում ասաց, թե իր խնդրանքն այն է, որ «պետք չէ երեխայի մեջ պանդխտության գեն մտցնել»․ «Երեխան ապրելու է Հայաստանում․․․»։

Էկրանանկարը՝ news.am-ի տեսանյութից

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն