ՄԻՊ-ի հայտարարությունը՝ բռնի տեղահանված անձանց և փախստականների նկատմամբ զգայունության ապահովման անհրաժեշտության առնչությամբ

Բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցությունն, ինչպես նաև նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պաշաճ զգայունության երաշխավորմամբ` հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը: Այդ են պահանջում ոլորտում գործող միջազգային-իրավական չափանիշները: Այս մասին հայտարարություն է  տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Ընտրական գործընթացներում հատկապես ակտիվանում է տարբեր թեմաների առնչությամբ քաղաքական հռետորաբանությունը, ինչը հանգեցնում է նաև խոցելի վիճակում գտնվող տարբեր խմբերի վերաբերյալ հաճախ ոչ զգայուն մոտեցումների տարածման:

Վերը շարադրվածը նկատի ունենալով` Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական բոլոր դերակատարներին իրենց հրապարակային խոսքի և հաղորդակցության շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց և փախստականների ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ: Անհրաժեշտ է ապահովել, որպեսզի հանրային դիսկուրսը չառաջացնի կամ չխորացնի նրանց խոցելիությունը, այլ նպաստի համերաշխության, ներառականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորմանն ու ամրապնդմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է հետևողականորեն իրականացնել իր լիազորությունները՝ ուղղված յուրաքանչյուր անձի իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ու խթանմանը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանը»,- նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը մետրոյի գնացքով երթեւեկող կնոջ երեխային ցանկացավ Հայաստանի փոքրիկ քարտեզ նվիրել, սակայն մայրը հրաժարվեց և խնդրեց չխանգարել իրենց՝ նշելով նաեւ, որ իրենք իրենց քարտերզն ունեն, որտեղ նաեւ Արցախը կա։ Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը շարունակեց խոսակցությունը՝ պնդելով՝ «Ձեր տղան այս քարտեզում է ապրելու»։

 Ի պատասխան Փաշինյանի՝ արցախցի կինն ասաց․ «Դուք չեք թողնելո՞ւ, որ մենք մեր Արցախում ապրենք։ Դուք չեք կարող մեզ զրկել մեր Արցախում ապրելու հույսից»։

 «[․․․] Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներն ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչի՞ չեք մնացել։ Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,- ասաց Փաշինյանը։

 Վիճաբանության ընթացքում Փաշինյանը «մատ էր թափ տալիս» քաղաքացու վրա և բարձր տոնով խոսում, ու չնայած քաղաքացու հորդորին, որ իր հետ այդկերպ եւ այդ տոնով չխոսի, Փաշինյանն ասաց՝ «ես տենց կխոսամ Ձեզ հետ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն