Փաշինյանը ներողություն է խնդրում արցախցի կնոջից

Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրում արցախցի կնոջից այսօր մետրոյով տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

«Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր սիրելի, հարգելի քաղաքացու հետ տենց սուր խոսակցություն էր, և ես նաև մեր գործընկերների որոշակի մեկնաբանություններից և քննադատություններից հասկացա իմ ասածների մեջ ամեն ինչ էնպես չի եղել, ինչպես երևի պետք ա լիներ»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2023թ․-ի իրադարձություններին, այո ես մինչև այսօր չեմ կարողանում առանց էմոցիաների անդրադառնալ, և դա, այո, մեծ թերություն է։ Ես ընդունում եմ այդ թերությունը։ Չեմ կարողանում այդ պահը հաղթահարել։ Ազգային ժողովում, ոչ մի տեղում, ես չեմ կարողացել էմոցիոնարես զսպես, հանգիստ հանդարտ»,- նշել է Փաշինյանը՝ խոստանալով ապագայում 2023թ․ իրադարձություններին համապարփակ անդրադառնալ։

«Հարգելի տիկին Մոսիյան, ես ձեզնից և ձեր որդուց ներողություն եմ խնդրում էմոցիաների համար և հույս ունեմ, որ առիթ կունենանք մետրոյում կամ այլ տեղում նորից հանդիպելու և հանգիստ խոսելու։ Ես կուզենամ, որ այդ խոսակցությունը տեղի ունենա։ Ես գիտեմ, որ դուք կմերժեք, երկու կոպիտ բառ էլ կասեք, ես ընդունում եմ դա խոնարհությամբ, բայց եթե հանկարծ ձեր մտքով կանցնի, որ արժե, հեռախոսը կամ, եթե կուզեք, տեսախցիկը դնենք, հանգիստ պայմանավորվենք, առանց էմոցիաների խոսենք, իմացեք՝ ձեր տրամադրության տակ եմ։

Կրկին ուզում եմ ներողություն խնդրել ձեզանից։ Ընդունում եմ՝ ինչ-որ բան այն չեմ ասել, ճիշտ տոնայնությամբ, ճիշտ ժեստիկուլյացիայով չեմ ասել, ճիշտ դեմքի արտահայտությամբ չեմ ասել։ Ինչ-որ տեղ էլ բովանդակությանը ճիշտ չեմ վերաբերվել, բայց այդ թեման ինձ համար ամենաէմոցիոնալներից մեկն է, և ես բոլորից եմ ներողություն խնդրում»,- ասել է Փաշինյանը։

Այսօր՝ մարտի 22-ին, Նիկոլ Փաշինյանը մետրոյի գնացքով երթեւեկող կնոջ երեխային ցանկացել էր Հայաստանի փոքրիկ քարտեզ նվիրել, սակայն մայրը հրաժարվել էր և խնդրել չխանգարել իրենց՝ նշելով նաեւ, որ իրենք իրենց քարտերզն ունեն, որտեղ նաեւ Արցախը կա։ Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը շարունակել է խոսակցությունը՝ պնդելով՝ «Ձեր տղան այս քարտեզում է ապրելու»։

Ի պատասխան Փաշինյանի՝ արցախցի կինն ասաց․ «Դուք չեք թողնելո՞ւ, որ մենք մեր Արցախում ապրենք։ Դուք չեք կարող մեզ զրկել մեր Արցախում ապրելու հույսից»։

«[․․․] Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներն ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչի՞ չեք մնացել։ Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել)»,- ասաց Փաշինյանը։
Վիճաբանության ընթացքում Փաշինյանը «մատ էր թափ տալիս» քաղաքացու վրա և բարձր տոնով խոսում, ու չնայած քաղաքացու հորդորին, որ իր հետ այդկերպ եւ այդ տոնով չխոսի, Փաշինյանն ասաց՝ «ես տենց կխոսամ Ձեզ հետ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն