armenpress.am «Հեզբոլլահ»-ի դեմ ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելը Լիբանանի հարավում հերթական կամուրջն է պայթեցրել՝ խմբավորման տեղաշարժին խոչընդոտելու համար։ Լիբանանի նախագահը դատապարտել է կամուրջների թիրախավորումը՝ դա անվանելով «չարդարացված»։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
«Սրանք (հարվածները) ցամաքային ներխուժման նախերգանք են», – ասել է նախագահ Ժոզեֆ Աունը։
Նա հավելել է, որ Լիբանանն իր մտահոգությունները բարձրացրել է դիվանագիտական ուղիներով։
Աունը նաև խոստացել է զինաթափել «Հեզբոլլահ»-ին և ուղիղ բանակցություններ է առաջարկել Իսրայելին՝ պատերազմին վերջ դնելու համար։
Իսրայելը Լիբանանում ռազմական գործողություններ է սկսել այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ» շարժումը հարվածներ է հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Իրանի դեմ հարձակման։ Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը։ Շուրջ մեկ միլիոն մարդ տեղահանվել է։