Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետություն, հիմնականում դեղորայք:
Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե դրա մասին հայտարարվե՞լ է, Միրզոյանն ասաց, որ դրա մասին հանրային հայտարարելու անհրաժեշտություն չի եղել:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։