Եթե ՌԴ-ն ունի հիբրիդային հարձակումների դեմ պայքարելու փորձ, մենք դեմ չենք, թող կիսվեն. ՀՀ ԱԳ նախարար

Հիբրիդային հարձակումը բառացիորեն լինում է խառնածին, այսինքն՝ ՀՀ-ի դեմ խառնածին գործողություններ, հարձակումներ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ այն կարող է ներառել ապատեղեկատվություն, կիբերհարձակումներ և այլն:

Նրա խոսքով՝ միանշանակ է, որ արվում են Հայաստանի դեմ նման գործողություններ, մի մասը՝ ԶԼՄ-ների միջոցով՝ գիտակցված կամ չգիտակցված:

«Երկրի անուն եք տալիս (լրագրողի հարցը վերաբերում էր ՌԴ-ին՝ խմբ.), կարո՞ղ ենք սուտ տեղեկատվության թելերի մի զգալի մասը տանել մի կոնկրետ երկիր, այո կարող ենք: Եվ դուք մի պատկերացրեք կենտրոնացված մի գրասենյակ, որտեղից ամեն ինչ կազմակերպվում և կառավարվում է:

Կարո՞ղ եք տեսնել ՌԴ խորհրդարանի պատգամավորներ, որոնք ՀՀ ինքնիշխանության, օրինական ընտրված իշխանությունների դեմ ասում են բաներ, որոնք ասելու իրավունք չունեն, որովհետև ներքին քաղաքականությանը խառնվել է: Կարո՞ղ եք տեսնել տարբեր տրամաչափի պաշտոնյաների գործողությունների մեջ, փորձագիտական շրջանակներից էդպիսի բաներ, մի փոքր Google անելուց հետո կարող եք տեսնել»,- ասաց Միրզոյանը:

Նախարարը նշեց, որ երևույթն իրենց համար բավականին անծանոթ է, և աշխարհի ինչ-որ մասում այս մասով կա կուտակված փորձ՝ նկատի ունենալով ԵՄ-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի կողմից փետրվարի 13-ին Բրյուսել նամակ է հասցեագրվել, որով Արարատ Միրզոյանը խնդրել է «արագ արձագանքման խումբ» ուղարկել Երևան ընտրական գործընթացներում հիբրիդային սպառնալիքներին դիմակայելուն աջակցելու նպատակով:

«Շրջանակներ կան, որ Եվրամիություն բառը լսում են, խրտնում են, չոքերները թուլանում են: Որ այդ խումբը գար Մադագասկարից, վստահ եմ՝ այդ ռեակցիան չէր առաջացնի»,- նշեց Միրզոյանը:

Նա ընդգծեց, որ ՀՀ բոլոր իշխանությունների օրոք ՀՀ-ն այդ թվում ԵՄ-ից օգնություն խնդրել է ընտրական գործընթացների հետ կապված, և ոչ մի նոր բան այստեղ չկա: 

Դիտարկմանը, որ ՌԴ-ից կընդունե՞ն աջակցություն այս հարցում, Միրզոյանն արձագանքեց. «Եթե ՌԴ-ն ունի սեփական փորձը հիբրիդային հարձակումների դեմ պայքարելու և պատրաստ է կիսվել, մենք դեմ չենք, թող կիսվեն, մենք էլ կտեսնենք՝ դա ինչ փորձ է»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն