Միրզոյանը պատերազմի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը շանտաժ չի համարում | azatutyun.am

azatutyun.am  Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ևս հավանական է համարում «Քաղաքացիական պայմանագրի» չընտրվելու դեպքում պատերազմի հեռանկարը:

Ի պատասխան «Ազատության» հարցին, թե վարչապետի նույնաբովանդակ հայտարարությունը արդյոք շանտաժ չէ, Միրզոյանը պատասխանեց. «Որ այդպիսի հեռանկար կարող է լինել, միանշանակ է: Րոպեներ առաջ հանձնաժողովում խոսում էինք, այդ թվում՝ այն ընդդիմադիր պատգամավորների հետ, ում գաղափարախոսությունն այն է, որ գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան»:

Նախարարի համոզմամբ՝ այս մարդկանց իշխանության գալու դեպքում անմիջապես խնդիրներ են առաջանալու հարևան երկրների հետ:

«Շանտաժն այստեղ ո՞րն է: Մենք առաջարկում ենք խաղաղություն, ասում ենք՝ մեր երկրին պետք է խաղաղություն: Այլ պայմաններում, մեր խորը համոզմամբ, ՀՀ գոյությունը՝ որպես անկախ պետություն, կհայտնվի մեծ կասկածի տակ: Եվ կա զուգահեռ առաջարկը՝ «չէ, այս Հայաստանը մեզ ընդհարապես պետք չէ»», – նշեց արտգործնախարարը:

Երեկ՝ մարտի 22-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ՔՊ-ն ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չունենա, «սեպտեմբերին պատերազմ է լինելու»:

«Լինելու է պատերազմ սեպտեմբերին, ընդ որում՝ աղետաբեր պատերազմ, եթե Քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնություն… Չեմ ասում ընտրություններում հաղթի… Ոնց ուզում եք գնա… Ինձ ասում եք՝ 18 թվին գայիր, ասեիր, հիմա ասում եմ, շատ ուղիղ… չնայած հիմա էս մթնոլորտը…նաև ասում եմ հանդարտ, որովհետև գիտեմ՝ դա իրողություն է՝ ժողովուրդը ստանալու է սահմանադրական մեծամասնություն»,- ասել է Փաշինյանը ՔՊ քարոզարշավն ամփոփող տեսանյութում:

Մարտի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանց անուններ հնչեցնելու մի շարք ուժերի մեղադրեց «սեպտեմբերյան պատերազմ պատրաստելու» մեջ։ Փաշինյանը պնդեց, որ «պատերազմի կուսակցության» մասին իր հայտարարությունից հետո այն ավելի է ահագնացել: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն