Միրզոյանը մանրամասներ է հայտնել ադրբեջանական կողմի հետ վերջին փակ հանդիպումից | armenpress.am

armenpress.am Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոփոխելու վերաբերյալ պահանջ չի ներկայացնում, պարզապես տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դրանում առկա ձևակերպումների առկայության դեպքում Բաքուն վերջնական չի ստորագրի խաղաղության համաձայնագիրը։

Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին։

Միրզոյանի խոսքով՝ ադրբեջանական կողմի հետ վերջին փակ հանդիպմանը Բաքվի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոփոխության ենթարկելու վերաբերյալ պահանջ չի հնչել։

«Երբ մենք ասում ենք, որ մեր Սահմանադրությունը չենք կարող քննարկել ձեզ հետ, քանի որ դա Հայաստանի ներքին գործն է և բանակցությունների թեմա չէ, նրանք ասում են «շատ լավ, դա ձեր ներքին գործն է, մենք չենք բանակցում դրա շուրջ, պարզապես տեղեկացնում ենք, որ քանի դեռ ձեր Սահմանադրությունն  այս ձևակերպումներն ունի, մենք չենք պատրաստվում վերջնական ստորագրել խաղաղության համաձայնագիրը»։ Մենք սա ընդունում ենք ի գիտություն և ասում ենք լավ, ափսոս, քանի որ մենք էլ շատ այլ խնդիրներ կարող ենք տեսնել և դրա լավագույն լուծումը խաղաղության համաձայնագրի տեքստի ստորագրումն ու վավերացումն է, որը վերջ կդնի բոլոր տարընթերցումներին»,-մանրամասնեց ԱԳ նախարարը։

Արարատ Միրզոյանը հավելեց, որ այս հարցում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի պատկերացումները բաժանվում են իրարից և չեն համընկնում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն