Ութերորդ գումարման Ազգային ժողովն իր հնգամյա գործունեության ընթացքում ընդունել է 2144 օրենքի նախագիծ։ Եվս 43-ն օրակարգում են, 61-ը՝ դեռևս օրակարգում ընդգրկված չեն, իսկ 41 նախագիծ խորհրդարանը չի ընդունել։ Ընդհանուր 2289 օրենսդրական նախագծից միայն 279-ի հեղինակներն են պատգամավորները, 34-ը ներկացրել են խմբակցությունները, իսկ մնացած 1976-ը՝ Կառավարությունը։ Այլ կերպ ասած՝ Ազգային ժողով մտած օրենսդրական նախագծերի շուրջ 87%-ի «մատակարարը» եղել է Կառավարությունը։ «Ինֆոքոմը» ուսումնասիրել է Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարկված օրենսդրական նախագծերը և առանձնացրել դրանց հեղինակներին։
Ութերորդ գումարման խորհրդարանը (2021-2026թթ․) ունեցել է 134 պատգամավոր, որոնցից 27-ը ժամանակի ընթացքում վայր են դրել մանդատները (ոմանք խորհրդարանում չեն այլեւս մահվան պատճառով)։ Այժմ գործող 107 պատգամավորներից 69-ը ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիր», 28-ը՝ «Հայաստան», 6-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Եվս 4 պատգամավոր դուրս է եկել խմբակցություններից և ներկայանում է որպես անկախ պատգամավոր։
Պատգամավորն իր գործունեության ընթացքում կարող է ներկայացնել հայտարարություններ, ուղերձներ նախագծեր, գրավոր և բանավոր հարցեր ուղղել Կառավարությանը, ընդգրկվել մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովների կազմում, հարցումներով և առաջարկներով դիմել պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնյաններին և այլն։ Պատգամավորի առանցքային իրավունքներից է նաև օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը, սակայն 64 պատգամավոր այդ իրավունքից չի օգտվել։ Ներկայացված 279 նախագծերը հեղինակել են 70 պատգամավորներ։
Օրենսդրական նախագիծ ներկայացնելու իրավունքից ամենից շատն օգտվել են կառավարող խմբակցությունից Սիսակ Գաբրիելյանը և նույն խմբակցության նախկին պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը և Նարեկ Զեյնալյանը։
Եվս 9 օրենսդրական նախագիծ ներկայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից, 25-ը՝ «Հայաստան» խմբակցության։
Միևնույն նախագծի շուրջ կարող է աշխատել մի քանի պատգամավոր։ Մենք դիտարկել ենք նաև ներկայացված նախագծերում պատգամավորի ընդհանուր մասնակցության չափը՝ հաշվի առնելով տվյալ նախագծի համահեղինակների թիվը։ Քանի որ հնարավոր չէ գնահատել, թե ամեն պատգամավոր ինչ ներգրավվածություն է ունեցել և ինչ աշխատանք է կատարել տվյալ նախագծում, յուրաքանչյուր նախագծին տվել ենք մեկական միավոր, ապա բաժանել համահեղինակների թվին՝ ստանալու տվյալ նախագծում յուրաքանչյուր պատգամավորի մասնակցության ցուցանիշը։
Օրինակ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը մշակել է 4 պատգամավոր՝ Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը և Սարգիս Խանդանյանը։ Հետևաբար նրանցից յուրաքանչյուրին այս նախագծում մասնակցության համար վերագրվել է 0.25 միավոր (1/4):
Ակտիվ օրենսդրական նախագծեր ներկայացնող պատգամավորներից Հայկ Սարգսյանը միակն է, որ բոլոր նախագծերը ներկայացրել է միայնակ։
Քանի որ որոշ պատգամավորներ 8-րդ գումարման խորհրդարանին միացել են ուշ կամ ընթացքում վայր են դրել պատգամավորական մանդատը, առավել ճշգրիտ պատկեր ստանալու համար այս ցուցանիշները դիտարկել ենք նաև տարեկան կտրվածքով՝ հաշվելով տարեկան նախագծերի միջին քանակը։
Օրինակ՝ Վիլեն Գաբրիելյանը պատգամավոր է եղել 3.7 տարի և ներկայացրել է 32 նախագիծ։ Այսինքն՝ նախկին պատգամավորների ներկայացրած տարեկան միջին նախագծերի քանակը 8․6 է (32/3.7):
Արդյունքում պատկերը փոխվում է, և նախագծերի ներկայացման տարեկան միջին ցուցանիշով առաջատարներն են դառնում Վահագն Հովակիմյանը, Վիլեն Գաբրիելյանը և Նարեկ Զեյնալյանը։ Երեքն էլ այլևս Ազգային Ժողովում չեն։
Հաշվարկել ենք նաև միջին տարեկան մասնակցության ցուցանիշը, որով էլ առաջատարը կրկին գործող պատգամավոր չէ՝ ՔՊ խմբակցության նախկին անդամ Վիլեն Գաբրիելյանն է։
Ազգային ժողովի նիստերում ամենաշատը դեմ են քվեարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ներկայացրած նախագծերին։ Նա ներկայացրել է 9 նախագիծ, որոցից միայն երկուսն են ընդունվել։ Միաժամանակ Վարդանյանն ամենաշատ օրենսդրական նախագծերը ներկայացրած ընդդիմադիր պատգամավորն է։
Մերժվել են նաև «Հայաստան» խմբակցության ներկայացրած 25 օրենսդրական նախագծերը։ Իսկ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից չեն ընդունվել միայն Հայկ Սարգսյանի ներկայացրած մի քանի նախագծերը։ Պատգամավորի հեղինակած 20 նախագծից չորսը չի ընդունվել։
Փոխարենը խորհրդարանը երբեք չի մերժում Կառավարությանը։ Գործադիրի մշակած բոլոր նախագծերը օրենսդիրը հաստատել է։
Այսպիսով, օրենսդրական նախաձեռնությունների ճնշող մեծամասնությունը գալիս է Կառավարությունից, իսկ պատգամավորների մի զգալի մասը ընդհանրապես նախաձեռնություններով հանդես չի գալիս։ Օրենսդրական փոփոխությունների նախաձեռնման փուլում օրենսդիր մարմինը հիմնական կամ գոնե հավասար դերակատար չէ։ Խորհրդարանի օրենսդրական օրակարգը ձևավորվում է Կառավարությունում։
Գլխավոր լուսանկարում ձախից՝ պատգամավորներ Արման Եղոյան, Հայկ Կոնջորյան, Վահագն Ալեքսանյան, Գեղամ Մանուկյան, Աննա Գրիգորյան, Աննա Մկրտչյան