Իմ և Հրայր Թովմասյանի նմանությունը միայն հետևյալում է, որ մենք երկուսս էլ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի կարգավիճակից գնում ենք Սահմանադրական դատարան:
Այս մասին ասաց ՍԴ դատավորի թեկնածու Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե ինչպես է ստացվում, որ Վարդանյանը քննադատում էր Հրայր Թովմասյանին, որը, ՀՀԿ անդամությունից հրաժարվելով, ՍԴ նախագահ էր դարձել, իսկ հիմա ինքն է նույնն անում:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահը Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն առաջադրել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Ապա Վարդանյանը հայտնեց ՔՊ կուսակցությունից դուրս գալու, ինչպես նաև ընտրվելու դեպքում խորհրդարանական գործունեությունը դադարեցնելու մասին:
Վլադիմիր Վարդանյանը ԱԺ-ում հիշեցրեց, որ ՍԴ դատավորներից առնվազն 5-ը գնացել են ՍԴ անմիջապես խորհրդարանից, և երբեք դա հարց չի առաջացրել:
Ըստ Վարդանյանի՝ իր և Հրայր Թովմասյանի միջև կա մի էական տարբերությունը:
«Հրայր Թովմասյանի հետ կապված հիմնական խնդիրը ոչ [այնքան] նրա մեջ էր, որ վերջինս խորհրդարանից տեղափոխվում է ՍԴ, որքան նրա մեջ, որ լինելով Սահմանադրության նոր տեքստի ջատագով, խոսելով նրա մասին, որ սահմանադրական նոր կարգավորումները ավելի ժողովրդական են, ըստ էության լինելով Սահմանադրության «այո»-ի շտաբի կարևորագույն դերակատարներից մեկը, այդուահանդերձ, նոր Սահմանադրության, իր իսկ կողմից կերտված Սահմանադրությունը թողնում է մի կողմ, և ընտրվում է այն սահմանադրական կարգավորումների համաձայն, որոնք օրեր անց պետք է դադարեն գոյություն ունենալ: Սա իմ կարծիքով նույն իրավիճակի մասին չի վկայում: Մենք տարբեր իրավիճակներում ենք՝ հավատացնում եմ ձեզ»,- ասաց Վարդանյանը:
Ապա Թագուհի Թովմասյանը դիտարկում արեց, որ Վարդանյանը երաշխիքներ տա այն մասին, որ անաչառ է լինելու՝ հաշվի առնելով, որ շատ գործեր կարող են վերաբերել իշխանությանը:
Վլադիմիր Վարդանյանը, ընդգծելով երդման կարևորությունը, նշեց, որ կարգավիճակի փոփոխությունը բերում է նաև հասարակական դերի փոփոխության:
«Երդումը որոշելու է այն կարգավիճակը, մտածելակերպը և մոտեցումները, որով ես եմ առաջնորդվելու»,- ասաց Վարդանյանը: