«Բավարար ինֆորմացիա և քաղաքական վերլուծություն». ինչ հիմքով է սեպտեմբերյան պատերազմ կանխատեսվում՝ ըստ Ալեն Սիմոնյանի

Ըստ Ալեն Սիմանյանի՝ 2 օրակարգ կա այսօր հայաստանյան քաղաքական դաշտում. 1-ը խաղաղությունն է, 1-ը՝ պատերազմը, 1-ը ինչ-որ պահանջներ հարևանների նկատմամբ է, մյուսը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելը։ 

Այս մասին ԱԺ նախագահ Սիմոնյանն ասաց ԱԺ ճեպազրույցում՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ եթե ՔՊ-ն ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չունենա, «սեպտեմբերին պատերազմ է լինելու»:

«Ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ է պայմանավորվածությունը, այլ օրակարգի, քաղաքական տեսլականի, քաղաքական դիրքորոշման մասին է խոսքը։ Եթե դուք դա կենտրոնացնում եք Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ, ապա այո, թող դա լինի այդպես, և Նիկոլ Փաշինյանը թող համարվի խաղաղության խորհրդանիշ»,- ասաց Սիմոնյանը։ 

Դիտարկմանը, որ Փաշինյանը կոնկրետ ժամկետ է նշում, Ալեն Սիմոնյանն արձագանքեց, որ քաղաքական գործիչները նաև կարողանում են քաղաքական վերլուծություններ անել. «Վարչապետը՝ որպես 1-ին քաղաքական գործիչներից մեկը Հայաստանի Հանրապետության, դրա իրավունքը ունի, և դա գնահատական է»:

Սիմոնյանի խոսքով՝ նախկինում պատերազմի մասին հայտարարություններ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներն էլ էին անում. «Ազգային ժողովի ամբիոնից ասում էին` պատերազմ է, խաղաղության պարագայում էին ասում պատերազմ»։

Ճշտող հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ տեղեկություն ունի՞, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, թե՞ դա վերլուծություն է, Սիմոնյանը պատասխանեց. 

«Ես արդեն 3-րդ անգամ եմ դրան պատասխանում։ Քաղաքական գործիչները քաղաքական վերլուծություններ կարող են անել։ Հայաստանի Հանրապետության վարչապետը, ունենալով բավարար ինֆորմացիա և քաղաքական վերլուծություն անելով, ինչպես նաև ակնհայտ լինելով, որ Հայաստանի Հանրապետությունում փաստացի կա 2 բևեռ. դա հարևանների նկատմամբ պահանջներ ներկայացնող բևեռն է։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը, որ ասում է իր ասուլիսի ժամանակ, որ այսօրվա իրավիճակում սահմանափակվել 29 743 կմ² մեջ, ուտոպիա է, և խոսում են պահանջատիրության մասին, տանում են էդ խոսույթը»:

Լրագրողը նշեց, որ Ռոբերտ Քոչարյնաը չի խոսել պատերազմի մասին, այլ ասել է, որ պետք է քաղաքական իրավիճակից օգտվել անհրաժեշտության դեպքում և վերադարձնել Արցախը, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը վրդովվեց և  արձագանքեց. «Մենք պիտի ամեն ինչ անենք, որ մեր տարածաշրջանը խաղաղ լինի, պատերազմ չլինի, որովհետև ասում եմ` էդ Հայաստանի վերջի մասին է ինքը խոսել»:

Հարցին, թե դա միայն Հայաստանի՞ց է կախված՝ Սիմոնյանը պատասխանեց, որ ոչ միայն Հայաստանից, բայց նաև Հայաստանից. «Այ էս խոսույթից, այ Քոչարյանի նման քաղաքական գործիչների, էդ ռևանշիստական…: Դուք հասկանու՞մ եք՝ դա ինչի համար է արվում։ Դա արվում է նրա համար, որ Հայաստանը լինի այլ պետության կազմում կամ առնվազն կախվածության մեջ լինի, որ լինի ռուս խաղաղապահ, և լինի հավերժ պատերազմ, որտեղ լինի մոդերատոր։ Ես զարմանում եմ, որ էսքան տարի սա ասում եմ, սա ասենք, յուրաքանչյուր տաքսու վարորդին մոտեցեք, հարցրեք, քաղաքական վերլուծություն կանի և ձեզ կբացատրի։ Էս ի՞նչ է, էս ի՞նչ է, խայտառակություն է դա, եթե տենց բան է ասել, խայտառակություն է»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն