«Իսկ ինչո՞ւ եք Արցախ ասում»: Այս հարցը ուղղեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողից, որը ճեպազրույցի ժամանակ հիշեցնում էր փաստաբան Ռոման Երիցյանի հայտարարությունը, որ Արցախի ֆոնին Կոռնիձորում նկարված արցախցիներին ԱԱԾ-ն բերման է ենթարկել:
«Ուզում եմ հասկանամ` ինձ հետաքրքիր է, զուտ հետաքրքիր է: Իսկ ինչի՞ եք էդ դեպքում վատ զգում, երբ որ Հայաստանի Հանրապետության ինչ֊որ տարածքներին ադրբեջանական անվանումներ են տալիս, օրինակ՝ Սևանին»,- ասաց Սիմոնյանը, ինչին ի պատասխան՝ լրագրողները ասացին, որ դա հայկական տարածք է:
Ապա Սիմոնյանը հարց ուղղեց, թե ինչո՞ւ չեն ասում [Լեռնային «Ղարաբաղի Սահմանադրության մեջ նշված անվանումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն». «Որովհետև դուք բոլորդ քաղաքականացված եք, և դուք բոլորդ զբաղված եք պահանջատիրական բաներ ներկայացնելով։ Էդ դեպքում ես ձեզ խնդրում եմ, վատ մի զգացեք, որ ինչ-որ մի երկրում ինչ-որ մի մարդ կարող է Հայաստանի Հանրապետության Երևանին ասի` Էրիվան, Սևանին ինչ֊որ այլ բան ասի, աղմուկ մի բարձրացրեք, մի զարմացեք»։
Լրագրողների պնդումներին, որ տարբերություն կա, քանի որ Սևանը, Երևանը հայկական են, Սիմոնյանն արձագանքեց. «Ղարաբաղն էլ Ադրբեջանինն է, և՞, բա խի՞ եք ուրիշ անուն [տալիս]»։
Սիմոնյանը, ի պատասխան դիտարկմանը, որ Արցախը Մեծ Հայքի տարածքում է եղել, հորդորեց լրագրողներին «անջատել այդ մտածելակերպը», ապա հանելով իր կրծքանշանը, որը Հայաստանի Հանրապետության 29 743 կմ² տարածքն է, ցույց տվեց և ասաց, որ դա է Հայաստանը. «Սրանից էս կողմ Թուրքիա է, սրանից էս կողմ Վրաստան է, և Ջավախքը Հայաստան չի, Ջավախքը Վրաստան է, սրանից ներքև Պարսկաստանը, սրանից էս կողմ Ադրբեջան է:
Քանի դեռ դուք նման բաներ եք ասում, մի զարմացեք, որ մեզ դրա դիմաց ասելու են Զանգեզուր, Սևանին, չգիտեմ` էդ անունը ինչ է»:
Վերադառնալով հարցին՝ Ալեն Սիմոնյանը հորդորեց դիմել ԱԱԾ:
Սիմոնյանը ևս մեկ անգամ ասաց, որ սխալ է արել, երբ ասել է, որ Աղդամը իր հայրենիքն է. «Ու այո, ես սխալ եմ արել, էլի կա էդ հիշատությունը։ Պետք է խեղդել էն ամենապուճուր բանի մեջ, որովհետև եթե դու դա չես խեղդում, դու սա (Հայաստանը՝ խմբ.) ես կորցնում, հենց դու դա չխեղդեցիր։ Էս լինելու է ջարդած, կտրտած Ռուսաստանի մաս կամ ընդհանրապես չի լինելու»:
Ալեն Սիմոնյանը բացատրեց, որ «էսօր աշխարհում կանոններ չեն գործում». «Եթե մի կողմից, մյուս կողմից հարևանները որոշեցին գան և իրար ձեռք սեղմեն, ողջունեն, ո՞վ է մեզ փրկելու։ Ոչչ մեկը: Եվրոպացիները շատ ջղայն հայտարարություն են անելու, շատ ջղայն վրդովվելու են, ռուսները ասելու են «мы вам позвоним», պարսիկներն էլ ահավոր զբաղված են»:
ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունն անկախացել այն տարածքով, որի կրծքանշանը ինքը կրում է:
«Սա է, նորից էս կողմը Հայաստան չի, էն կողմը, սա Հայկական լեռնաշխարհ է, միգուցե ինչ-որ տարբեր կենդանիներ և բույսեր կան, որոնք հայկական անվանումներ ունեն, սա Թուրքիա է, սա Ադրբեջան է, սա Վրաստան, սա Պարսկաստան, փակեք, էդ թեման»,- ասաց Սիմոնյանը: