Մամուլի շենքը հյուրանոց կդառնա. ով է կազմել ներդրումային փաթեթը | hetq.am

hetq.am 2025 թվականի հունվարի 24-ին «Դիգնիսի» ՍՊԸ-ն և Պետական գույքի կառավարման կոմիտեն ստորագրել են համագործակցության հուշագիր՝ օտարման ենթակա պետական գույքի ներդրումային փաթեթների կազմման նպատակով:

Այս հուշագրի շրջանակում էլ կազմվել է Արշակունյաց 4 հասցեում գտնվող Մամուլի շենքի ներդրումային փաթեթը։ Նախատեսվում է, որ Մամուլի շենքը կվերածվի հյուրանոցի։

«Դիգնիսի» ՍՊԸ-ն, «Բի-Էս-Սի» բիզնեսի աջակցման կենտրոնը և «Khachaturian Architects» ստուդիան ստեղծել են PROSPECT24 նախագիծը, որը մասնակցել ու հաղթել է Պետական գույքի կառավարման կոմիտեի հայտարարած երկփուլ մրցույթում։

Մրցույթում հաղթելուց հետո կնքված հուշագրով սահմանվել է, որ PROSPECT24-ը, նախքան պետական գույքի օտարումը, պետք է կազմի գույքի վերաբերյալ ներդրումային փաթեթ, որը պետք է ներառի դրա հնարավոր լավագույն օգտագործման տարբերակները, քաղաքաշինական, կոմունիկացիոն և իրավական սահմանափակումները, ինչպես նաև՝ համայնքի կողմից տվյալ ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ նախնական թույլտվությունները:

Պետական գույքի կառավարման կոմիտեից «Հետքին» հայտնել են, որ համաձայն «Դիգնիսի» ՍՊԸ-ի և կոմիտեի միջև կնքված հուշագրի՝ գույքի գնորդը, բացի գնահատված արժեքից, պետք է վճարի նաև նախագծի կազմման համար։

«Նշված գումարը ներառված չէ գույքի վաճառքի արժեքի մեջ, բայց գույքի գործարքի անբաժանելի մաս է։ Վերոնշյալն ամրագրված է Կոմիտեի և «Դիգնիսի» ՍՊԸ-ի միջև կնքված հուշագրով»,- ասված է Կոմիտեի պատասխանում:

Նախագծի կազմման արժեքը կախված է լինելու գույքի գնահատված արժեքից։ Եթե գույքի արժեքը կազմի մինչև 1 մլրդ դրամ, ապա նախագծի կազմման արժեքը կլինի դրա 5%-ի չափով։ Եթե լինի 1 մլրդ դրամից բարձր, ապա՝ 4%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 50 մլն դրամը։

«Դիգնիսի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականի սեպտեմբերին։ Ընկերության հիմնադիրը Կարեն Անախասյանն է։ Այս տարվա հունվարին ընկերության 33% փայատեր է դարձել Ռուբեն Ալեքսանյանը։ Իսկ ընկերության տնօրենը հիմնադրման պահից մինչև օրս Վարդան Ալեքսանյանն է։

2025 թվականի փետրվարի 18-ին էլ ստեղծվել է «Պրոսպեկտ24» ՓԲԸ-ն։ Դրա բաժնետերերն են Սամվել Գևորգյանը, Ժաննա Խաչատուրյանը, Կարեն Անախասյանը և Արմեն Ալեքսանյանը։ Որպես միջանկյալ ընկերություն նշված է «Դիգնիսի» ՍՊԸ-ն։ Իսկ ընկերության տնօրենը Վարդան Ալեքսանյանն է։

«Դիգնիսի» ՍՊԸ-ն 2025 թվականի հունվարի 20-ին հուշագիր էր ստորագրել «Իմ քայլը» հիմնադրամի հետ վերջինիս կողմից իրականացվող նախագծերին աջակցելու համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն