Պակիստանը պատրաստ է հյուրընկալել Իրանի պատերազմը դադարեցնելու բանակցությունները | azatutyun.am

azatutyun.am Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ Իսլամաբադը պատրաստ է հյուրընկալել Իրանի հետ ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու բանակցությունները։ Հայտարարությունը հնչել է ամերիկյան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների ֆոնին, որ Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կարող են այս շաբաթ արդեն Պակիստանում հանդիպել իրանական պատվիրակության հետ։ Ըստ նույն աղբյուրի՝ բանակցություններին հնարավոր է միանա նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Պակիստանը ողջունում և լիովին աջակցում է Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու համար երկխոսության շարունակական ջանքերին՝ հանուն տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղության և կայունության», – գրել է Շարիֆը X-ում, նաև տեղեկացրել, որ այս հարցով հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն