Գործադիրը նոր կարգավորմամբ նպատակ ունի լուծել այն խնդիրը, երբ բազմաբնակարան շենքի ներքո գտնվող հողամասի սեփականության իրավունքը դատական վեճի առարկա լինելու պատճառով քաղաքացիները չեն կարողանում ստանալ իրենց բնակարանները կամ դրանց նկատմամբ գրանցել իրենց սեփականության իրավունքը:
Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող լրացումները:
Գործնականում լինում են դեպքեր, երբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համայնքային կամ պետական շահերի պաշտպանության հայցի առարկա են կազմում այն հողամասերը եւ դրանց նկատմամբ սեփականության իրավունքը, որոնց վրա առկա է կառուցված շենք եւ ծանրաբեռնված է անձանց գնման իրավունքով: Գործող իրավակարգավորումների պայմաններում, եթե հողամասի սեփականության իրավունքի վերաբերյալ դատական վեճ է առկա լինում, ապա դա խոչընդոտում է անշարժ գույքի նկատմամբ գնորդների սեփականության իրավունքի գրանցմանը: Անորոշ է մնում այն հարցը, թե ինչ է տեղի ունենալու, եթե, օրինակ, դատական ակտով հաստատվի, որ հողամասի սեփականատերն այլեւս պետությունն է կամ համայնքը, այսինքն՝ անվավեր ճանաչվի, օրինակ, կառուցապատողի սեփականության իրավունքը: Փաստացի հողամասի վրա կառուցված մի ամբողջ համալիրի եւ դրա բնակարանների ճակատագիրը կմնա անորոշ:
«Այսինքն` իրավիճակ կարող է ստեղծվել, որ անշարժ գույք ձեռք բերելու մասով գնորդների մոտ ձեւավորվի օրինական ակնկալիք, որը չի իրացվում: Այս խնդիրն ենք ուզում լուծել»,- նշել է փոխնախարարը: Սահմանվել է, որ բազաբնակարան շենքով ծանրաբեռնված հողամասի սեփականության իրավունքի վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հայցի հիման վրա հարուցված դատական գործի առկայությունը խոչընդոտ չէ անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիր եւ փոխանցման ակտ կնքելու կամ այլ եղանակով անշարժ գույք օտարելու համար: Այս դեպքում ձեռք բերողին կփոխանցվի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը, իսկ հողամասի համապատասխան բաժնային մասի նկատմամբ օրենքի ուժով կծագի ձեռք բերողի օգտագործման իրավունքը: Մինչեւ դատական գործի ավարտը, կառուցապատողի, սեփականատիրոջ եւ գրավառուի կողմից իրենց իրավունքներն ամբողջ ծավալով իրացնելու նպատակով նախատեսվել է, որ Կառավարությունը կարող է սահմանել հողամասի սխեմա եւ դրա սահմաններում ընդգրկված հողամասերի մասով անկախ գործի ելքից կերաշխավորվի ձեռք բերողների սեփականության իրավունքի գրանցումը:
Որպեսզի ձեռք բերողի համար հստակ լինի իրավական այս ընթացակարգը, նախագծի կարգավորումներով սահմանվել է, որ վերջինս տեղեկացվում է դատական գործի առկայության եւ իրեն փոխանցվող գույքի մասին: Այդ կապակցությամբ կատարվում է համապատասխան նշում գույքի օտարման հիմք հանդիսացող փաստաթղթում:
Դատական գործի քննության արդյունքով պայմանավորված՝ նախատեսվել են հողամասի համապատասխան բաժնային մասի նկատմամբ գնորդների սեփականության իրավունքի պետական գրանցման պարզեցված եւ մատչելի ընթացակարգեր, մասնավորապես՝ հողամասի նկատմամբ ձեռք բերողի սեփականության իրավունքի գրանցումն այս դեպքում կիրականացվի առանց լրացուցիչ պետական տուրքի գանձման:
Գնորդների համար կերաշխավորվի նաեւ բաժնային սեփականության օգտագործողների հետ հավասար պայմաններով շենքի ընդհանուր բաժնային գույքի կառավարմանը մասնակցելու իրավունքը:
Վերոնշյալ կարգավորումները կունենան հետադարձ ուժ եւ կտարածվեն նախկինում ծագած հարաբերությունների վրա:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել քաղաքացու իրավունքի պաշտպանությանն ուղղված նախագծին: Կարգավորմամբ լուծվում է այն խնդիրը, երբ քաղաքացիները գնել են բնակարան, բայց տեւական ժամանակ չեն կարողանում իրենց սեփականության իրավունքն իրացնել, ստանալ ավարտական ակտը: Պատգամավորի գնահատմամբ կարգավորումը հետագայում անշարժ գույքի շուկայում քաղաքացիների համար կանխատեսելիություն է ստեղծում:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ պատգամավորներն օրվա վերջին նիստում հանդես են եկել հայտարարություններով: