Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Իրանի հետ | shantnews.am

shantnews.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Իրանի հետ, և իրանցիները չափազանց հետաքրքրված են համաձայնության հասնելու հարցում։

«Նրանց բոլոր առաջնորդները անհետացել են։ Ոչ ոք չգիտի, թե ում հետ խոսի, բայց մենք իրականում խոսում ենք ճիշտ մարդկանց հետ, և նրանք այնքան շատ են ցանկանում համաձայնագիր, որ դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե որքան են նրանք դա ուզում։ Կտեսնենք, թե ինչ կլինի», – ասել է Թրամփը Սպիտակ տանը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն