Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց ՍԴ դատավոր

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր՝ 67 կողմ, 0 դեմ ձայներով:

ՀՀ ագզային ժողովում երեկ կայացած գաղտնի քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 67-ը:

Հիշեցնենք, որ Վարդանյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ինչից հետո Վարդանյանը դադարեցրել է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և հայտնել, որ ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը:

Նշենք, որ մի խումբ ՀԿ-ներ ԱԺ-ին կոչ են արել ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ դատավոր ընտրելուց. «Թեև Վլադիմիր Վարդանյանը վայր է դրել մանդատն ու դադարեցրել իր անդամակցությունը խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժին, այնուամենայնիվ նրա՝ ավելի քան յոթ տարի քաղաքական գործունեությամբ զբաղվելու և կուսակցական լինելու հանգամանքը, առերևույթ կասկած է հարուցում նրա, որպես Սահմանադրական դատարանի դատավոր, անաչառ պաշտոնավարման հնարավորության վերաբերյալ։ Ավելին՝ անաչառ դիտորդի տեսանկյունից նման քաղաքական փոխկապակցվածության հանգամանքն ինքնին բացառում է նշված ռիսկերի կառավարման հնարավորությունը»:

Վարդանյանը երեկ իր ելույթում անդրադարձել էր անաչառության մասին հարցադրմանը՝ ընդգծելով, որ առաջնորդվելու է իր տված երդումով: Վարդանյանի երդման արարողությունը տեղի կունենա հինգշաբթի օրը ԱԺ նիստի ընթացքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն