ՀՀ ԱԺ-ն ընդունել է ««Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին եւ նպատակ ունի խթանել խոշոր կատվազգիների պահպանության ոլորտում միջազգային համագործակցությունը եւ կանխել դրանց պոպուլյացիաների անկումը: ՀՀ ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանը՝ մարտի 25-ի ԱԺ նիստում քննարկման ներկայացնելով ««Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Նախարարը նշել է, որ Հայաստանի հարուստ կենսաբազմազանության մեջ ուրույն տեղ ունի կովկասյան ընձառյուծը (Panthera pardus ciscaucasica): Այն Հայաստանում հայտնի է եղել վաղ ժամանակներից, ինչի մասին վկայում են պատմական արձանագրությունները, ավանդապատումները, գրականությունը, բազմաթիվ ժայռաքանդակները, զարդաքանդակները եւ մանրանկարները: Ներկայում կովկասյան ընձառյուծը ներառված է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում եւ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում «վտանգված» եւ «կրիտիկական վիճակում գտնվող» կարգավիճակով: Այժմ Հայաստանում ընձառյուծի թվաքանակը տատանվում է մինչեւ 10 առանձնյակի, իսկ նրա համար կեր հանդիսացող կենդանատեսակներինը՝ աճել է 1000-ից մինչեւ 3000-ի: Հայաստանի տարածքում հանդիպում են նաեւ կատվազգիների այլ տեսակները, ինչպիսիք են լուսանը, եվրոպական անտառակատուն (Felis silvestris Schreber) եւ մանուլը (Otocolobus manul): Վերջին երկուսը գրանցված են Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում:
Նշվել է, որ պաշտպանելով հիմնական տեսակները, ինչպիսիք են՝ ընձառյուծը եւ այլ խոշոր կատվազգիները՝ ապահովվում է էկոհամակարգի առողջությունն ու հավասարակշռությունը, ինչը կարեւոր է այլ տեսակների գոյատեւման համար: