arm.sputniknews.ru ՀՀ նախկին վարչապետ, տարածքային կառավարման նախկին նախարար Հովիկ Աբրահամյանի գործով այսօր տուժող կողմ է ճանաչվել Արտաշատ համայնքը։ Նման որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանը։
«2018թ-ից քննում են այս գործը, եթե կարծում էին, որ տուժող կողմ է, ուրեմն պետք է տուժող ճանաչվեր, բայց այդպես չի եղել։ Արտաշատ համայնքը շատ լավ տեղյակ է այս գործընթացների մասին, իրեն տուժող չի համարել, չի եկել, իրեն տուժող չի ճանաչվել։ Այսօր հանկարծ դատախազը դատաքննության փուլում գրություն է ուղարկում Արտաշատ համայնք, ասում է՝ «եկեք, տուժող ճանաչվեք»։ Կարելի է ասել՝ թաքնված պարտադրանք է, որովհետև եթե չգան, չճանաչվեն, վաղը մյուս օրն էլ մի հատ քրեական գործ կհարուցեն, կասեն՝ հիմքեր կային ճանաչելու, դուք չեք գալիս»,- 24news.am-ի հետ զրույցում նիստից հետո ասաց Աբրահամյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Պաշտպանի կարծիքով՝ ակնհայտ ապօրինություններ են արվում։ Նրա գնահատմամբ՝ դատարանն էլ որևէ կերպ չկարողացավ հիմնավորել, որ վնաս է պատճառվել Արտաշատ համայնքին։ Սարգսյանի խոսքով՝ դատարանի որոշումները պետք է այնպիսին լինեն, որ որևէ մեկի մոտ անգամ կասկած չլինի, թե դատարանը կարող է որևէ կաշկանդվածություն ունենալ։
Հիշեցնենք` ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2025թ․ հունիսի 13-ին ձերբակալվեց, հաջորդ օրը նրա նկատմամբ խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը, մոտ մեկ ամիս անց ՀՀ վերաքննիչ դատարանը փոխեց տնային կալանքը վարչական հսկողությամբ:
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման և ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով։