Չինաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման ջանքերին. ԱԳՆ | armenpress.am

armenpress.am Չինաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման և խաղաղության շուրջ բանակցություններ սկսելու բոլոր փորձերին։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանին։

«Հրադադարը և ռազմական գործողությունների դադարեցումը առաջնահերթ խնդիր են, իսկ երկխոսությունն ու բանակցությունները՝ առաջ շարժվելու ուղին», – ասել է նա Պեկինում կայացած մամուլի ասուլիսում։

Լին Ցզյանը նաև հայտնել է, որ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին մարտի 24-ին իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիին ասել է, որ բոլոր կողմերը պետք է «օգտագործեն խաղաղության յուրաքանչյուր հնարավորություն ու պատուհան», որպեսզի խաղաղության շուրջ բանակցությունները սկսվեն հնարավորինս շուտ։

«Մենք աջակցում ենք բոլոր ջանքերին, որոնք կհանգեցնեն ապաէսկալացման և երկխոսության վերսկսման», – պատասխանել է նա, երբ նրան հարցրել են Պակիստանի մասին՝ որպես ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդի։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցություններ են ընթանում, և երկու կողմն էլ ցանկանում են համաձայնագիր կնքել։ Իրանում հերքել էին դա։ Ամերիկյան ԶԼՄ-ներն էլ, վկայակոչելով աղբյուրների, գրել են, թե Թրամփի վարչակազմն Իրանին առաջարկել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիր:

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ երկիրն ԱՄՆ-ի հետ չի բանակցում, քանի որ չի վստահում Վաշինգտոնի դիվանագիտությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն