Գրոսին հնարավոր է համարել առաջիկա հանգստյան օրերին Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցությունները | armenpress.am

armenpress.am: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ այս շաբաթվա վերջին Իսլամաբադում։ Այս մասին նա ասել է Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ բանակցությունները կարող են տեղի ունենալ այս հանգստյան օրերին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Ակնկալում եմ, որ դրանք ավելի լայն կլինեն և կվերաբերեն ոչ միայն միջուկային էներգետիկային, որը հակամարտության պատճառ դարձավ։ Այս անգամ օրակարգում կլինեն նաև հրթիռները, Իսլամական Հանրապետության հետ դաշնակցող աշխարհազորայինները և Իրանի անվտանգության երաշխիքները», – ասել է նա։

Գրոսին նաև կարծիք է հայտնել, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն ազդել է իրավիճակի վրա։

«Երեք շաբաթ շարունակվող պատերազմն իր հետքն է թողել. հասցվել է հսկայական վնաս, տուժել են Իրանի տնտեսական, էներգետիկ և արդյունաբերական ենթակառուցվածքները։ Սա կհանգեցնի մի փոքր այլ քննարկման», – նշել է ԱԷՄԳ ղեկավարը։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, որ Իրանը չի բանակցում ԱՄՆ-ի հետ, քանի որ չի վստահում Վաշինգտոնի դիվանագիտությանը։

New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր՝ Վաշինգտոնը Թեհրանին է տրամադրել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու 15-կետանոց ծրագիր ԱՄՆ տնտեսության վրա դրա աճող ազդեցության ֆոնին: Ծրագիրը անդրադառնում է անվտանգության հիմնական հարցերին, այդ թվում՝ Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերին։ Թերթի տվյալներով՝ այն առանձին կետ ունի ծովային ուղիների անվտանգության վերականգման համար, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցի:

Axios-ն էլ, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ի բանակցային առաջարկը կարող է ծուղակ լինել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն