Մեր նպատակն է ստեղծել մթնոլորտ, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար շահավետ լինի առհավետ պահպանել խաղաղությունը. Արարատ Միրզոյան

«Ընդդիմադիր խմբակները վերջին օրերին երաշխավորացավ են կպել»: 

Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին:

Մինասյանը երաշխավոր ունենալու վերաբերյալ իր հարցադրման մեջ ներկայացրել էր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանի հայտարարությունները, որում վերջիններս խոսում են Խաղաղության պայմանագրի մասին՝ նշելով, որ ուժեղ խաղաղության համար անհրաժեշտ է երաշխավոր, այդ թվում՝ 1-ից ավելի:

Ըստ ԱԳ նախարարի՝ շաբաթներ և նույնիսկ տարիներ առաջ ընդդիմադիրները ընդհանրապես խաղաղությունը չէին ընդունում և հիմա էլ ունեն նարատիվներ, այդ թվում՝ [Լեռնային] Ղարաբաղը հետ բերելու, որոնք, ըստ նրա, հակասում են խաղաղությանը:

«Էս վերջում նոր բան են մտածել՝ խաղաղություն, բայց երաշխավորով, երաշխավորված: Երաշխավորներն առհասարակ հետապնդում են իրենց շահը: Սառը հաշվարկների աշխարհում ոչ մեկը ոչ մեկի սիրուն աչքերի համար երաշխավորություն չի անում, իր զինվորների արյունը չի թափում, իր ծախսերը չի անում»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ սա առաջին կետն է:

Երկրորդը նա նշեց, որ տասնյակներով երաշխավորված խաղաղություններ են եղել, որոնք խախտվել են, երբեմն հենց երաշխավորների կողմից:

«Իրականում ԱԳՆ-ն խոսել է երաշխիքների և երաշխավորների մասին՝ խաղաղությունը ամրացնելու, ամուր խաղաղություն ունենալու նպատակով: Եվ ահա կյանքը բերել է նրան, որ մենք այսօր այդ խաղաղությունն ունենք, և այդ խաղաղությունը տարածաշրջանային մեծ փոթորիկների և, եթե թույլ կտաք ասել, պայթյունների մեջ առիթ ունեցել է ապացուցելու իր կենսունակությունը և կայունությունը, և ես վստահ եմ՝ ապագայում ևս կապացուցի»,- ասաց նա:

Միրզոյանի համոզմամբ՝ խաղաղության կայունությունը կարող է լինել այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղությունը շահավետ է երկու պետությունների համար էլ:

«Հետևաբար մեր նպատակն է ստեղծել այնպիսի փոխշահավետ փոխկապակցվածությունների, փոխլրացումների, փոխօգնությունների, համագործակցության, հանդուրժողականության համակարգ, մեխանիզմ, մթնոլորտ, որտեղ և՛ Հայաստանի համար, և Ադրբեջանի համար շահավետ լինի առհավետ պահպանել միմյանց միջև խաղաղությունը»,- ընդգծեց ԱԳ նախարարը՝ նշելով, որ արդեն տեսնում են այդ մեխանիզմների ստեղծումը:

Խոսելով Լիլիթ Մինասյանի պնդման մասին, որ ընդդիմությունը խաղաղության այլ տարբերակի առաջարկ չունի, Արարատ Միրզոյանը նշեց, որ ընդդիմությունը երբ բացատրի, թե ինչ նկատի ունի՝ [Լեռնային] Ղարաբաղի ժողովրդի վերադարձ ասելով, միգուցե իրենք էլ համաձայնեն. «Արդյո՞ք ղարաբաղցիների վերադարձ նենց, ոնց նախկինում էիք ասում՝ անկախ պետության պահանջով, դպրոցներում հայերե՞ն է լինելու, թե՞ չէ, կարո՞ղ ա պարզվի՝ իրենց պատկերացրած՝ «ղարաբաղցիների բնակությունը [Լեռնային] Ղարաբաղում» նշաձողը ավելի ցածր է, քան էն, որ մենք էինք ասում՝ մի քիչ նշաձողը իջեցնենք»:

Երաշխավորի մասին պնդումներով ընդդիմությունը մեկ բան է ուզում՝ ըստ ԱԳ նախարարի. «Կոնկրետ X երկիրը ինչ-որ մի այլ հավելյալ լծակներով շարունակի ավելացնել ներկայությունը ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստան-Ադրբեջան սահմանին, և ըստ այդմ շարունակվի այն ցիկլը, որի մեջ մենք եղել ենք»:

Միրզոյանը նշեց, որ այդպես «քթներից բռնած՝ տանելու են հագցնեն նույն պատին»:

«Մենք առաջարկում ենք այնպես անել, որ այս անգամ չխփենք պատին, և վերապրման օրակարգից անցնենք զարգացման օրակարգ»,- եզրափակեց Միրզոյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն