«Վրացական երազանք»-ի պաստառը վնասած ընդդիմադիր Էլենե Խոշտարիան դատապարտվել է ազատազրկման | civilnet.am

civilnet.am Վրաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ Էլենե Խոշտարիան դատապարտվել է մեկ տարի վեց ամիս ազատազրկման՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի պատկերով ընտրական պաստառը վնասելու համար։

Վճիռը երեքշաբթի հայտարարել է դատավոր Գիորգի Արևաձեն։ Պատժի հաշվարկը սկսվում է Խոշտարիայի ձերբակալման օրից՝ 2025-ի սեպտեմբերի 15-ից։ Սա նշանակում է, որ նա դեռ մոտ մեկ տարի կմնա ազատազրկման մեջ։

Խոշտարիան ձերբակալվել էր 2025-ի հոկտեմբերին նախատեսված տեղական ընտրություններից առաջ, երբ Կալաձեն առաջադրված էր Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու համար։ Կալաձեն նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղարն է։

Սեպտեմբերի 14-ին Խոշտարիան Կալաձեի նախընտրական շտաբի շենքի վրա փակցված պաստառի վրա գրել էր «Ռուսական երազանք»։ Սա բառախաղ է, որը հաճախ օգտագործում են «Վրացական երազանք»-ի քննադատները՝ պնդելով, որ կուսակցությունը երկիրը մոտեցնում է Ռուսաստանին։

Խոշտարիայի գործողությունը նաև համերաշխության դրսևորում էր 23-ամյա Մեգի Դիասամիձեի նկատմամբ, որը մի քանի օր առաջ ձերբակալվել էր նույն արտահայտությունը մեկ այլ պաստառի վրա գրելու համար։ Ավելի ուշ Դիասամիձեն ազատ էր արձակվել գրավի դիմաց՝ մինչև դատավարությունը։

Խոշտարիայի նկատմամբ նույնպես գրավ էր սահմանվել, սակայն նա հրաժարվել էր վճարել այն՝ բողոքի նշանով, և մինչ օրս մնացել էր կալանքի տակ։ Նա նաև հրաժարվել էր մասնակցել դատական նիստերին՝ հայտարարելով, որ չի ճանաչում իշխանություններին, որոնց լեգիտիմությունը 2024-ի վիճահարույց խորհրդարանական ընտրություններից հետո մի շարք քննադատներ կասկածի տակ են դնում։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատավոր Արևաձեն նշել է, որ Խոշտարիան չի ընդունել իր մեղքը և չի փոխհատուցել պատճառված վնասը։ Նա նաև ընդգծել է, որ քաղաքական գործիչը չի վճարել նախկինում իր նկատմամբ կիրառված 16 վարչական տուգանքներից որևէ մեկը։

Դատախազության տվյալներով՝ պատճառված վնասը գնահատվել է 570 լարի (մոտ 210 դոլար)։ Խոշտարիային մեղադրանք է առաջադրվել «ուրիշի գույքը վնասելու կամ ոչնչացնելու» հոդվածով, որը ենթադրում է զգալի վնաս։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն