Իրանի հետախուզական հաղորդագրությունները ենթադրում են, որ «Իրանի թշնամիները» պլանավորում են գրավել իրանական կղզին՝ տարածաշրջանի ինչ-որ երկրի աջակցությամբ։ Այդ մասին հայտարարել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան, գրում է Al Jazeera-ն:
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ցանկացած նման փորձ կհանդիպի թիրախային հարձակումների տարածաշրջանային երկրի «կենսական ենթակառուցվածքների» վրա։
«Իրանական ուժերը հետևում են թշնամական շարժերին, և եթե նրանք որևէ քայլ անեն, մենք շարունակական և դաժան հարվածներ կուղղենք տարածաշրջանային այդ երկրի կենսական ենթակառուցվածքներին»,- ասել է Ղալիբաֆը:
Իրանի խորհրդանաի խոսնակի այս զգուշացումները հնչում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ պատերազմը ավարտելուն ուղղված բանակցություններ վարելու մասին հայտարարությունների ֆոնին, որոնք Թեհրանը հերքում է:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեվիթը ասել է, որ Իրանը պետք է ընդունի պարտությունը:
«Եթե Իրանը չընդունի ներկայի իրականությունը, եթե չհասկանա, որ պարտվել է ռազմական առումով և շարունակելու է պարտված լինել, նախագահ Թրամփը կապահովի, որ նրանք ավելի ուժեղ հարված ստանան, քան երբևէ»,- ասել է Լևիթը: