Կառավարությունը նախատեսում է իրականացնել «Հայֆիլմ»-ի վերագործարկման ծրագիր. ընկերության լիազորությունները վերապահվեցին ԿԳՄՍՆ-ին

«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները  վերապահվեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը:

Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության մարտի 26-ի նիստին:

Մինչ այս ընկերությունը Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության ներքո էր և չի գործում գրեթե մեկ տասնամյակ:

Ըստ հիմնավորման՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ին վերապահելը պայմանավորված է ներկայում կինոոլորտի զարգացման և բարեփոխման ծրագրերի իրականացման, ինչպես նաև վերջին տարիներին կինոոլորտում միջազգային համագործակցության ակնհայտ աճողականությամբ:

Նշվում է՝ ժամանակակից աշխարհում ֆիլմարտադրությունն այլևս ոչ միայն մշակութային արտադրանք է, այլև դիտարկվում է որպես ռազմավարական ոլորտ, և մի շարք երկրներ զարգացրել են ֆիլմարտադրության արժեշղթայի հստակ փուլեր՝ բարձրացնելով արտահանվող ծառայությունների տեսակարար կշիռը, ամրապնդելով տեղական կրթական համակարգը և ստեղծելով հազարավոր բարձր վարձատրվող աշխատատեղեր։

«Նման մոտեցումները ցույց են տալիս, որ ֆիլմարտադրությունը ոչ միայն մշակույթի տարածման միջոց է, այլ նաև տնտեսական աճի և ազգային բրենդի ձևավորման գործիք։ Այն ունի բազմաստիճան ազդեցություն՝ ուղղակիորեն և անուղղակիորեն ազդելով մի շարք ոլորտների վրա»,- ասվում է հիմնավորման մեջ:

Հայաստանը ևս անհրաժեշտ է համարում ոլորտային նման քաղաքականության որդեգրումը՝ համալիր կինոարդյունաբերական համակարգ ձևավորելու համար:

«Վերոնշյալի իրագործման նպատակով նախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմ»-ի վերագործարկման ծրագիրը, որը գործելու է որպես ռազմավարության և քաղաքականության իրականացման հիմնական գործիք՝ միտված կենտրոնացված կինոարդյունաբերական քաղաքի ձևավորմանը: Համալիրը կներառի ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության և կինոժառանգության պահպանության ծառայություններ՝ միավորելով ստեղծարար ներուժի զարգացումն ու ենթակառուցվածքային հզորացումը»,- ասվում է հիմնավորման մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն