ՀՀ կառավարությունը փոփոխություն և լրացումներ կատարեց անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացմանն ուղղված որոշման մեջ:
Այդ ծրագրով նախատեսվել է աջակցություն տրամադրել անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց:
Ծրագիրն ի սկզբանե նախատեսված է եղել իրականացնել ՀՀ Սյունիքի և Կոտայքի մարզերում, իսկ 2026թ. հուլիսի 1-ից սկսած՝ նաև Հայաստանի մյուս մարզերում, սակայն ծրագրին շահառուների մասնակցության դրական ցուցանիշները բացակայել են։ Մասնավորապես, 2025թ. արդյունքները վկայել են, որ ծրագիրը չի ապահովել շահառուների ներգրավվածություն և վերջիններիս կողմից ծրագրի նկատմամբ հետաքրքրվածություն: Նաև առկա են գործող օրենսդրական այլ կարգավորումների մասով հակասություններ, որոնք ևս ենթակա են փոփոխության։
Այսօր ընդունված նախագծով առաջարկվող փոփոխություններով շահառուները հնարավորություն կունենան իրենց կողմից կատարվելիք աշխատանքի դիմաց ստանալու վարձատրություն առնվազն նվազագույն ամսական աշխատավարձի չափով։
«Նախագծով առաջարկվում է ծրագրի շրջանակներում ընդգրկված յուրաքանչյուր անձին վճարելու համար գործատուին մեկ մարդ/օր աշխատանքային ծավալի համար տրամադրել 7000 դրամի չափով գումար՝ 3500 դրամի փոխարեն, իսկ ծրագրի տևողությունը սահմանել մինչև 12 ամիս 3-12 ամսվա փոխարեն»,- ասվում է հիմնավորման մեջ:
Նախագծով հանվել են նաև գործատուների նկատմամբ սահմանված պահանջները, մասնավորապես՝ առնվազն երեք տարի գործունեություն իրականացնելը և տարեկան միջին առնվազն 10 աշխատող ունենալը։