1lurer.am Խորհրդարանը շարունակում է քննարկել տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց՝ Կառավարությունը Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի առաջին կազմի երեք տարի պաշտոնավարման ժամկետով անդամի պաշտոնում առաջադրել է Սրբուհի Հակոբյանի թեկնածությունը:
Թեկնածուին ներկայացրեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
Հակոբյանը 2023-ի ապրիլից ցայսօր Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության ֆինանսական տնօրենն է: Այս պաշտոնում նա ղեկավարում և համակարգում է գործակալության ֆինանսական ռեսուրսների արդյունավետ և նպատակային օգտագործումը, ինչպես նաև ներգրավված է գործակալության գործունեության ղեկավարման և համակարգման գործընթացներում:
Թեկնածուն ունի ավելի քան 40 տարվա աշխատանքային փորձ՝ մասնագիտական, խորհրդատվական ծառայությունների և ֆինանսատնտեսական ոլորտներում 1987 թվականից մինչ օրս, այդ թվում՝ 20 տարի՝ ղեկավար պաշտոններում: Իր մասնագիտական գործունեության ընթացքում ղեկավարել և համակարգել է հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության, միջազգային ստանդարտների տվյալների ներդրման և կիրառման գործընթացները, ինչպես «Դելոյթ» ընկերության տարբեր գրասենյակներում, այնպես էլ այլ կազմակերպություններում:
Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի թեկնածու Սրբուհի Հակոբյանը ներկայացրեց իր տեսլականը Հայաստանում տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի անելիքների, մարտահրավերների և ապագայի վերաբերյալ:
Խոսելով թվայնացման մասին՝ Հակոբյանը նկատեց՝ դա այն ոլորտն է, որը հեղափոխում է մեր կյանքի բոլոր ոլորտները, ստեղծում նոր ոլորտներ:
«Թվայնացման արդյունքում շահում են բոլորը՝ քաղաքացին, գործարար միջավայրը, հանրությունը և պետությունը»,- ասաց նա:
Թեկնածուն ընդգծեց՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմինը պետք է ապահովի անհրաժեշտ, ճկուն և բարենպաստ կանոնակարգերի ընդունումը և կիրառումը, աշխատի այն ուղղությամբ, որ հանրության յուրաքանչյուր անդամին նախընտրելի լինի օգտվել պետության կողմից մատուցվող թվային ծառայություններից, որ դրանք լինեն հարմարավետ, խնայեն ժամանակը թե՛ քաղաքացու, թե՛ պետական մարմինների համար:
«Միաժամանակ, նորաստեղծ մարմինը հանրության համար պետք է ստեղծի բարենպաստ պայմաններ՝ ձեռք բերելու այնպիսի հմտություններ, որոնք անհրաժեշտ են թվային դարաշրջանում քաղաքացի և թվային ոլորտի աշխատող լինելու համար»,- ասաց Սրբուհի Հակոբյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի առաջին կազմի՝ 4 տարի պաշտոնավարման ժամկետով անդամի պաշտոնում առաջադրվել է Նաիրի Ադամյանի թեկնածությունը: