Մանասյանը հստակեցրեց, որ դատապարտել է մետրոյում տեղի ունեցած միջադեպը

Հարցին, թե ինչու անվանական չի քննադատում Նիկոլ Փաշինյանին մետրոյում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ասաց, որ դեպքի առնչությամբ ինքը շատ արագ հրապարակային հայտարարություն է տարածել։

Հարցին, թե կաշկանդվա՞ծ է Փաշինյանի անունը հնչեցնելու հարցում, Մանասյանը պատասխանեց.

«Ինձ թվում է՝ բոլորի համար է հասկանալի եղել հայտարարության հետ կապված ցանկացած հանգամանք։ Եթե հասկանալի չի եղել, որպեսզի մենք խուսափենք բոլոր հնարավոր մանիպուլատիվ մեկնաբանություններից, բոլոր հնարավոր ոչ պարզ մեկնաբանություններից, ասեմ, որ այո, շատ պարզ է եղել, որ ես դեպքը և դեպքի հետ կապված ցանկացած հանգամանք դատապարտում եմ: Անկախ նրանից՝ դա վերաբերեր վարչապետին կամ վերաբերեր ցանկացած այլ քաղաքական ուժի, դատապարտում եմ, հիմա էլ կարող եմ հրապարակային ասել, որ այո, ես դատապարտում եմ հենց այդ դեպքը»:

Մանասյանը նաև կարևորեց, որ դրանից հետո վարչապետը ներողությամբ է հանդես եկավ:

«Բայց կարևորում եմ այն հանգամանքը, որ ոչ թե այլ քաղաքական ուժերի և առանձին մասնագիտական համայնքների պես վարչապետը հարձակվեց, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանի կամ պաշտպանի հաստատության վրա, այլ դրանից հետո որոշակի գործողություններ հետևեց»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ մարտի 22-ին Նիկոլ Փաշինյանը մետրոյի գնացքով երթեւեկող կնոջ երեխային ցանկացավ Հայաստանի փոքրիկ քարտեզ նվիրել, սակայն մայրը հրաժարվեց և խնդրեց չխանգարել իրենց՝ նշելով նաեւ, որ իրենք իրենց քարտերզն ունեն, որտեղ նաեւ Արցախը կա։ Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը շարունակեց խոսակցությունը՝ պնդելով՝ «Ձեր տղան այս քարտեզում է ապրելու»։

 «[․․․] Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներն ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչի՞ չեք մնացել։ Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,- ասաց Փաշինյանը։ Վիճաբանության ընթացքում Փաշինյանը «մատ էր թափ տալիս» քաղաքացու վրա և բարձր տոնով խոսում, ու չնայած քաղաքացու հորդորին, որ իր հետ այդկերպ եւ այդ տոնով չխոսի, Փաշինյանն ասաց՝ «ես տենց կխոսամ Ձեզ հետ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն