Փաշինյանը միֆ անվանեց արցախցիների՝ մինչև վերջ կռվելու մասին հայտարարությունները

2023 թվականի իրադարձություններից հետո ՀՀ անվտանգության խորհրդում նիստ է եղել, որտեղ վերլուծվել են տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքները, և շատ բան չկարողանալով բացել՝ ես ուզում եմ արձանագրել, որ կռվելու և այլնի մասին պնդումները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետև մեր հետախուզության և ոչ միայն հետախուզության ունեցած տվյալներով առկա զենք-զինամթերքի, կարող եմ տոկոսային ճշգրտությամբ գնահատել, բայց առյուծի բաժինը, դա կարող է լինել 80 տոկոս, դա կարող է լինել 90 տոկոս մնացել են ձեռք չտված»,- ասաց նա:

Նա նշեց, որ դրանից առաջ իրենք հնարավորություն են ստեղծել, որպեսզի տեղի ունենա քաղաքական գործընթաց, իսկ «Ղարաբաղի իշխող շրջանակի որոշ ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտել են, այլև իրականացրել են իշխանափոխություն»:
Փաշինյանը պնդեց, որ ինչ-որ որ եղել է ԼՂ-ում, հաջորդիվ ուզում են անել Հայաստանում:

«Ընդ որում նրանց մի մասը, Հայաստանում իշխող շրջանակների և քաղաքական ուժերի ներկայացուցիչները բառիս բուն իմաստով փախան Ղարաբաղից՝ ընդ որում ինձ մեղադրելով, որ սահմանները մենք փակել ենք և թույլ չենք տալիս, որ ժողովուրդը դուրս գա»,- ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ այդ ժամանակ հանդիպել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ, որոնք իրեն ասել են բացել սահմանը, իսկ ինքն ասել է, որ սահմանը փակ չէ:

«Ես այդ ժամանակ զգուշացրել եմ, ասել եմ՝ եթե դուք դուրս եկաք, իմացեք՝ այլևս վերադարձի հնարավորություն չի լինելու»,- հավելեց նա:

Փաշինյանը միֆ անվանեց արցախցիների՝ մինչև վերջ կռվելու մասին հայտարարությունները՝ նշելով, որ կարիքի դեպքում կհրապարակի փաստաթղթերը:

«Ես համոզված եմ, որ այս խմորը ջուր կտանի, կթողնենք, որ լավ տանի, և ԼՂ բանակցային փաստաթղթերի նման ճիշտ պահի ես կորոշեմ այդ ամենը հրապարակել։ Սուտ է, չի եղել նման բան։ Փախել են, ճողոպրել են»,– հայտարարեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ավարտին հստակեցրեց․ «Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են, ես ասում եմ՝ Ղարաբաղի, այսպես կոչված, էլիտան է փախել. դրանք բոլորովին տարբեր բաներ են: Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ո՛չ մեղադրել եմ, ո՛չ մեղադրում եմ, ո՛չ կմեղադրեմ»:

Լուսանկարը՝ Հետքի/Նարեկ Ալեքսանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն