Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, նորից կանենք հանրաքվե․ վարչապետ | civilnet.am

civilnet.am «Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի նորից կանենք հանրաքվե»։ Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է։ Մարտի 26-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ վարչապետը վստահություն հայտնեց, որ իշխող ուժը խնդիր չունի, կգնա ժողովրդին կհամոզի, կբացատրի։

«Կգնանք մեր ժողովրդին կհամոզենք, կբացատրենք, մենք խնդիր չունենք։ Ես համոզված եմ՝ ինչի շուրջ մենք մեր ժողովրդի հետ արդար ու ազնիվ խոսենք, մեր ժողովուրդը կհասկանա։ Մենք կայսերական ներկայացուցիչ չենք, որ ժողովուրդը մեզ չհասկանա։ Մենք մեր ժողովրդի ներկայացուցիչն ենք»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի համոզմամբ՝ առաջին հերթին պետք է, որ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չլինի։ Ըստ նրա՝ դա նշանակում է այս տարածաշրջանում հարատև պետություն ունենալը դարձնել հնարավոր։

«Եթե մենք մեր սոցիալ-գոգեբանական մտածողության մեջ դնելու ենք այն, որ մենք մեր տարածաշրջանում վերականգնելու ենք մեր պատկերացրած պատմական արդարությունը, և մենք գնալու և իրագործելու ենք Հռչակագրի պատկերացրած Արևմտյան Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ռազմավարությունները, դա նշանակում է ձևակերպել խնդիր՝ ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանի ժողովրդի անունից խոսելու իրավունք ոչ ոք չունի, բացի իրենից։

«Կան սահմանված կառույցներ ու պաշտոնյաներ, որոնք ժողովրդի անունից խոսելու իրավունք ունեն, և այդպիսի թիվ մեկ պաշտոնյան ՀՀ ընտրված վարչապետն է։

Ես հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից։ Ես կարծում եմ, որ պետք է արդար իրականության հետևից գնալ, և ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու հետևից գնալ։ Որովհետև ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նոր անարդարությունների։Սրանք պարզ թեմաներ չեն, և նույնիսկ վարչապետի համար համարձակություն է պետք այս թեմաները բաց արծարծելու համար»,- ասաց Փաշինյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն