ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ անդրադարձավ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պնդմանը, թե 2018 թվականին բանակցությունները մտել էին փակուղի, և պատերազմը անխուսափելի էր։
Պատգամավորը հարց է բարձրացրել, որ եթե պատերազմն իսկապես անխուսափելի էր, ապա ինչու են իշխանությունները կատարել քայլեր, որոնք, նրա գնահատմամբ, արագացրել են պատերազմի սկսվելը: Նա նշել է Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում հնչեցրած հայտարարությունները, Տավուշյան դեպքերի ներկայացումը և կոչումներ տալը՝ ընդգծելով, որ նման քայլերը «Ալիևի ձեռքերն էին բացում»:
Գրիգորյանը նաև անդրադարձել է արցախցիների վերադարձի թեմային՝ նշելով, որ իշխանությունները փորձում են փակել այդ հարցը՝ այն հավասարեցնելով ադրբեջանցիների վերադարձի խնդրին։ Նա ընդգծելով, որ դրանք մի հարթության մեջ չեն, նշել է, որ այս մոտեցումը սխալ է և չի աշխատում, քանի որ հայելային տարբերակը չի գործում. Ադրբեջանում պետական ֆինանսավորում է ստանում այդ օրակարգը:
«Հայաստանը պետք է պաշտպանի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգը»,- ասել է նա։
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ Գրիգորյանը հայտարարել է, որ նախընտրական շրջանում իշխանությունները ոչ թե խոստումներ են տալիս, այլ սպառնում են պատերազմով։
Գրիգորյանը նաև ընդգծել է, որ 2018 և 2021 թվականներին իշխանությունների ընտրությունից հետո պատերազմներ տեղի են ունեցել, ինչն, ըստ նրա, ապացուցում է, որ «միայն իրենց դեպքում պատերազմ չի լինելու» պնդումը չի համապատասխանում իրականությանը։
Պատգամավորը կարծիք է հայտնել, որ իշխանությունները կարող են հետագայում նոր պահանջներ առաջ քաշել՝ Սահմանադրության փոփոխությունից մինչև տարածքային զիջումներ, դրանք ներկայացնելով որպես պատերազմի կանխարգելման միջոց։
Իր ելույթում Գրիգորյանը անդրադարձել է նաև մշակութային և ինքնության հարցերին՝ շեշտելով, որ Դադիվանքը և Ղազանչեցոցը հայկական են, և Արարատն էլ հայ ժողովրդի ինքնության մաս է։ Նա կոչ է արել իշխանություններին հստակ հայտարարել իրենց դիրքորոշումը այս հարցում։ Նույն համատեքստում նա նշել է, որ
Պատգամավորը նաև նշել է, որ տեղի է ունենում ինքնության համար պայքար, և իշխանությունները բավարար քայլեր չեն անում այդ ուղղությամբ։
Գրիգորյանը եզրափակել է՝ նշելով, որ Հայաստանում չկա ընդդիմադիր ուժ, որը տարածքային պահանջներ ունի հարևան երկրների նկատմամբ, սակայն սեփական ինքնության պաշտպանությունը, նրա խոսքով, մնում է առաջնահերթություն։