1lurer.am Իրանցի բանակցողները շատ տարբեր են և տարօրինակ՝ Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Նրանք մեզ աղաչում են գործարք կնքել, ինչը նրանք պետք է անեին, քանի որ նրանք ոչնչացվել են ռազմական ճանապարհով և վերադառնալու հնարավորություն չունեն: Այնուամենայնիվ, նրանք հրապարակավ հայտարարում են, որ իրենք միայն քննարկում են մեր առաջարկը: Սխալ է: Ավելի լավ է՝ շուտ լրջանան, քանի դեռ շատ ուշ չէ, քանի որ երբ դա տեղի ունենա, այլևս հետդարձի ճանապարհ չի լինի, և դա տհաճ կլինի»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։