armenpress.am Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա Երևանի Հանրապետության հրապարակում:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ֆրանկոֆոն խաղերի ազգային կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Հայաստանում 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը:
Հայաստանի կողմից խաղերը հյուրընկալելու հայտը Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը հաստատել է 2024 թվականի փետրվարի 8-ին:
Խաղերը կանցկացվեն 10 մշակութային (թատրոն, թվային ստեղծարարություն, տեսողական արվեստ՝ կերպարվեստ, քանդակ, լուսանկարչություն, հեքիաթասացություն, պար, երգեցողություն, գրականություն, ֆրիսթայլ գնդակով) և 10 սպորտային (աթլետիկա և պարաաթլետիկա, ֆուտբոլ, ծանրամարտ, շախմատ, ձյուդո, սեղանի թենիս, բասկետբոլ 3х3, անվասայլակով բասկետբոլ, բրեյք դանս) անվանակարգերում, որոնք տեղի կունենան Երևանում, Աբովյանում, Չարենցավանում և Արմավիրում:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ձևավորվել է Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտեն, որն ակտիվորեն համագործակցում է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի հետ: Կազմակերպվել են Ֆրանկոֆոնիայի խաղերի փորձագետների այցերը Հայաստան՝ մրցութային անվանակարգերի հարթակներին ծանոթանալու, լոգիստիկ և տեխնիկական այլ խնդիրներ քննարկելու համար:
Նախապատրաստվել է Խաղերի տարբերանշանը, որը պաշտոնապես ներկայացվում է հանրությանը: Այն մշակութային և գեղարվեստական շերտերի ներդաշնակ միաձուլում է, որը հիմնված է հայկական ավանդական հավերժության նշանի վրա՝ որպես շարունակականության և հարատևության խորհրդանիշ, ինչպես նաև Քոչարի պարի շրջանաձև շարժման վրա, որը մարմնավորում է միասնություն և ուժ: Այս հիմքերը վերաիմաստավորվում են ժամանակակից արվեստի ազդեցությամբ՝ մարդկային շարժումը վերածելով համընդհանուր ռիթմի:
Լոգոն արտահայտում է էներգիա, կապ և խաղ՝ ներկայացնելով խաղերի էությունը որպես մշակույթի, սպորտի և մասնակցության շարունակական տոն: