Խելացի աղբամաններից մինչև կաթիլային ոռոգման նոր տարբերակ․ մեկնարկում է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը | armenpress.am

 armenpress.am ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում մարտի 28-ին կանցկացվի «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը նշեց, որ փառատոնին մասնակցելու համար Երևանի և մյուս մարզերի 40 ուսումնական հաստատությունից ներկայացվել է 96 հայտ, որից 81-ը՝ թիմային, 15-ը՝ անհատական։ Փառատոնի եզրափակիչ փուլին կմասնակցի 77 նախագծային աշխատանք։

«Փառատոնն անցկացվում է 2021 թվականից և կարող ենք ասել, որ մեկնարկային տարվանից սկսած մասնակցության դինամիկան զգալի աճել է։ Մեկնարկային տարում ընդհանուր դիմումների թիվը 40 էր, իսկ այսօր զտման գործընթացից հետո եզրափակիչ փուլ անցել է 77-ը։ Սա խոսում է այն մասին, որ մեր աշակերտների շրջանում մրցույթի նկատմամբ հետաքրքրվածությունը գնալով ավելանում է»,-ասաց Թամարա Սարգսյանը։

Պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, հումանիտար ուղղվածությամբ նախագծերի գնահատող  հանձնաժողովի անդամ Համո Սուքիասյանը մեծ ոգևորությամբ անդրադարձավ աշակերտների կողմից ներկայացած նախագծերին։ Նա ընդգծեց, որ տարեցտարի նկատվում է ոչ միայն մասնակցների թվի աճ, այլև ներկայացված նախագծերի որակական փոփոխություն։

«Երկու անգամ եղել եմ ժյուրիի անդամ և կարող եմ վստահաբար ասել, որ նախագծերը տարեցտարի ավելի լավն են դառնում։ Հատկապես ուրախալի է, որ հասարակական գիտություններին առնչվող նախագծերի թիվը նույնպես ավելանում է՝ պատմություն, հոգեբանություն, գրականագիտություն։  Եթե սկզբում նշված ուղղություններով դիմումների թիվը մեկ տասնյակի չէր հասնում, հիմա մենք արդեն 18 նախագիծ ունենք»,-ասաց Համո Սուքիասյանը։

«Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ին առանձնացվել է 5 անվանակարգ՝ «Մաթեմատիկա և ծրագրավորում», «Ֆիզիկա և աստղագիտություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հասարակական գիտություններ»։ Ներկայացված նախագծերն ամենատարբեր բնույթի են՝ խելացի աղբամաններ, կաթիլային ոռոգման նոր տարբերակ, բնական ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում և այլն։

Մարտի 28-ին սպասվող եզրափակիչ փուլին մասնակիցները կներկայացնեն իրենց նախագծերը, իսկ հաղթողների անունները հայտնի կլինեն օրեր անց։ Հաղթողները հնարավորություն են ստանալու իրենց նախագծերը ներկայացնել միջազգային գիտական միջոցառումներին։ Նախորդ տարիներին Հայաստանի աշակերտների նախագծերը ներկայացվել են Եվրոպայում, ԱՄՆ-ում կայացած գիտական միջոցառումներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն