factor.am Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը անուղղակի բանակցություններ են վարել, և որ երկու կողմերի ներկայացուցիչները ծրագրում են շուտով հանդիպել Պակիստանում։
«Իմ տեղեկությունների համաձայն՝ եղել են անուղղակի շփումներ, և նախապատրաստություններ են արվել անմիջական հանդիպման համար։ Դա, ըստ երևույթին, շատ շուտով կլինի Պակիստանում։ Ի վերջո, լավ նորություն է, որ այս բանակցությունները կարող են տեղի ունենալ»,- ասել է նա Deutschlandfunk ռադիոյին։
Գերմանացի պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, «հնարավոր է, այսօր ավելի մանրամասն անդրադառնա այս հարցին» Ֆրանսիայում կայանալիք G7-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը որևէ կոնկրետ խնդրանք չի ներկայացրել Գերմանիային Իրանի պատերազմում օգնության համար, սակայն Գերմանիան աջակցություն է առաջարկել հակամարտությունից հետո։