factor.am ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա կատարված հարվածները պատերազմի սկզբից ի վեր վնասել են առնվազն 120 թանգարան և մշակութային ու պատմական վայրեր ամբողջ երկրում։ Այս մասին հայտնել է Թեհրանի քաղաքային խորհրդի մշակութային ժառանգության կոմիտեն։
«Տարբեր նահանգներում առնվազն 120 թանգարան, պատմական շենքեր և մշակութային վայրեր անմիջականորեն թիրախավորվել են և լուրջ կառուցվածքային վնասներ են կրել»,- ասել է կոմիտեի ղեկավար Ահմադ Ալավին։
Հաղորդվում է, որ վնասներ կրած կառույցների թվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված Գոլեսթան պալատը, Սաադաբադի պալատը, Մարմարե պալատը և Թեյմուրթաշի տունը, որը հայտնի է նաև որպես Պատերազմի թանգարան։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։