Հայաստանն աշխարհի ամենաապահով պետություններից է․ Կատարի նորանշանակ դեսպանը՝ ՆԳ նախարարին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Ալ-Սուլայթինին: Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

Նախարար Սարգսյանը նշանակման կապակցությամբ շնորհավորելով դեսպանին՝ վստահություն է հայտնել, որ նրա գործունեության ընթացքում երկու երկրների Ներքին գործերի նախարարությունների համագործակցությունը նոր արդյունքների կհանգեցնի։

Դեսպանն  ընդգծել է, որ Հայաստանն աշխարհի ամենաապահով պետություններից է, որտեղ ինքն իրեն անվտանգ է զգում։ Առանձնահատուկ շեշտվել է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Կատարի Պետությունը, միջազգային տարբեր վարկանիշային ցուցանիշներով, մշտապես ընդգրկվում են աշխարհի ամենաապահով երկրների շարքում, ինչը կարևոր հիմք է ներքին անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման համար։

Քննարկվել են զանգվածային միջոցառումների ժամանակ անվտանգության ապահովման, աղետների ռիսկի կառավարման ու դիմակայունության բարձրացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները, ինչպես և վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև ՆԳՆ համակարգի ծառայողների վերապատրաստման հարցերին․ այդ համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Կատարի Պետության Կիբեռակադեմիայում Հայաստանի ոստիկանների մասնագիտական վերապատրաստման հնարավորություններին։

Կողմերը վերահաստատել են տարբեր ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն