news.am Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։ Այս մասին հայտնել են Իրանի ԱԳՆ-ից։
Արաղչիի խոսքով՝ Իրանից Թուրքիայի ուղղությամբ հրթիռների արձակման մասին լուրերը լիովին անհիմն են։
«Իրանը հավատարիմ է բարիդրացիության սկզբունքին և Թուրքիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգմանը, ինչպես նաև պատրաստ է համագործակցել նման դեպքերի հետաքննության հարցում»,- նշել է Արաղչին։
Ավելի վաղ Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել էր, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք, նախքան այն կխոցվեր Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից։ Սա նման չորրորդ հայտարարությունն է Թուրքիայի կողմից ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի մեկնարկից ի վեր։