Իտալիայում կայացել է «Կոնֆլիկտ, տարածք և անդրազգայնություն. 2020թ․ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ազգագրություն» գրքի շնորհանդեսը

2026թ․ մարտի 23-ին Մեսսինայի համալսարանում (Իտալիա) տեղի ունեցավ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Արսեն Հակոբյանի և Մեսսինայի համալսարանի մարդաբանության և ազգաբանության ասոցացված պրոֆեսոր Մարչելլո Մոլլիկայի համահեղինակությամբ «Conflict, Space and Transnationalism: An Ethnography of the 2020 Second Nagorno-Karabakh War» (Palgrave Macmillan, 2025) («Կոնֆլիկտ, տարածք և անդրազգայնություն. 2020թ․ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ազգագրություն») գրքի շնորհանդեսը։ Այս մասին հայտնում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտը։

Հաղորդագրության մեջ նշվում է․

«Շնորհանդեսի ժամանակ պրոֆեսոր Սալվադորե Սպեցիալեն նշեց, ինքը հեղինակներին ներկայացնում է արդեն երկրորդ անգամ։ Առաջինը 2022 թվականին էր, երբ Մեսսինայի համալսարանում տեղի ունեցավ նրանց մեկ այլ աշխատանքի՝ «Syrian Armenians and the Turkish Factor: Kessab, Aleppo and Deir ez-Zor in the Syrian War» (Palgrave Macmillan, 2025) գրքի շնորհանդեսը։ Երեք տարի անց ներկայացվում է նրանց նոր աշխատանքը՝ ընդգծելով հեղինակների գիտական նշանակալի և տպավորիչ ձեռքբերումները։
Համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Ջուզեպպե Լուկկեզեն ողջունեց միջոցառումը՝ նշելով որ այն մի տարածաշրջանի մասին է, որ հետ պատմական ու մշակութային խորը կապեր կան։

Միջազգային հարաբերությունների պատմության դասախոս Նանսի դե Լեոն, ներկայացնելով աշխատությունը, նշեց, որ այն առաջարկում է հակամարտության նոր և ինքնատիպ մեկնաբանություն՝ հիմնված տարածական և անդրազգային մոտեցումների վրա։ Տարածական մոտեցումը չի սահմանափակվում միայն հակամարտության շրջանակներով, այլ դիտարկվում է ավելի լայն համատեքստում՝ նախկին ԽՍՀՄ տարածքի ֆրագմենտացիայի գործընթացների շրջանակում։ Այս գործընթացները բնորոշ են թե՛ 1990-ականներին, թե՛ մեր օրերին՝ կապված հակամարտությունների և պատերազմների հետ՝ Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Մոլդովայում և Ուկրաինայում։ Նա ընդգծեց նաև, որ գիրքը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության նշանակությունը եվրասիական զարգացումների համատեքստում, թե ինչպես այն կարող է «թեժանալ» և ձեռք բերել անդրազգային բնույթ՝ կապելով հակամարտության տարբեր գոտիներ։

Պրոֆեսոր Անջելա Վիլիանին ուշադրություն հրավիրեց աշխատանքի երկու կարևոր մեթոդաբանական մոտեցումների վրա։ Առաջինը բրոդելյան «longue durée»-ի գաղափարն է, որի շրջանակում հակամարտությունը՝ իր քաղաքական, մշակութային և էթնիկական գործոններով, վերլուծվում է պատմական երկարատև հեռանկարում։ Երկրորդը էքզոգեն (արտածին) գործոնների դերակատարումն է՝ ինչպես պատմական, այնպես էլ ժամանակակից տեսանկյունից։

Պատմական առումով «longue durée»-ն ցույց է տալիս հակամարտության և «կայսերական անցման» (imperial transition) միջև կապը՝ Ռուսական կայսրությունից դեպի ԽՍՀՄ, ապա՝ հետխորհրդային տարածք, ինչպես նաև Օսմանյան կայսրությունից դեպի ժամանակակից Թուրքիա և նորօսմանյան քաղաքականություն։ Այս համատեքստում թուրքական գործոնի դերակատարումը հակամարտության դինամիկայում բնութագրվում է «1920թ․ Շուշիի կոտորածից՝ բայրաքթար» ձևակերպմամբ։

Նա նաև նշեց, որ Լեռնային Ղարաբաղը 2020թ․ վերածվեց անդրազգային հակամարտության և պատերազմի յուրատեսակ լաբորատորիայի։

Աշխատանքի ընթացքի, հետազոտական մեթոդաբանության և առանձնահատկությունների վերաբերյալ մանրամասներ ներկայացրեցին հեղինակները՝ պատասխանելով նաև ներկաների հարցերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն