Ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը Ընտրական օրենսգրքում հրատապ կարգով փոփոխություն նախաձեռնելու համար և այն կապում Սամվել Կարապետյանի ուժի հետ

ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել, որով առաջարկվում է 24-ժամյա ռեժիմով ընդունել մի շարք նախագծեր:

Օրակարգը արդեն իսկ հաստատվել է, ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեմ են քվեարկել դրան՝ նշելով, որ մի շարք նախագծերի հրատապությունը հիմնավորված չէ:

Ինչպես արդեն հայտնել ենք, օրակարգային հարցերից մեկը Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն են: Ի թիվս այլնի՝ առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։ 

Ընդդիմությունը պնդում է, որ նախագիծն անհրաժեշտ է, սակայն մեղադրում է իշխանությանը այն հրատապ կարգով շրջանառելու և ընդունելու համար:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ կա միջազգային պրակտիկա, ըստ որի՝ ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ «խաղի կանոնները չեն փոխում»: Ի պատասխան՝ ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը ունի նման ռեկոմենդացիա, որը, սակայն, վերաբերում է միայն հիմնարար կանոններին, իսկ այս փոփոխությունը տեխնիկական է:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այս գործընթացը որակեց հակաիրավական:

Իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց. «Տպավորություն է, որ նախորդ գիշեր նստել, ինչ-որ բան եք մտածել, ու այնքան կարևոր է, որ հենց հիմա պիտի անեիք: Պետք է ավելի շուտ ներկայացվեր, քննարկում լիներ, հիմնավորում լիներ, որ առանց այս փոփոխությունների կլինեին դեպքեր, երբ աշխարհւ շուռ կգար, և ապագան չէր գա»:

Արուսյակ Ջուհակյանն արձագանքեց, որ խնդիրը նոր է ի հայտ եկել:

Նշենք, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններին անձնանուն պարունակում է գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժը՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը, որն արդեն գրանցել է այս անվանումը Պետական ռեգիստրում, սակայն ԿԸՀ դեռևս չի դիմել:

Քաղաքական ուժերի գրանցումը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մեկնարկում է ապրիլի 13-ին, քննարկվող նախագծում նշված է նաև, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես:

Խորհրդարանական ընդդիմությունը իշխանության նախաձեռնած այս փոփոխությունը կապում է հենց Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժը՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հետ:

Միաժամանակ, «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը այսօր հավաք է նախատեսել ԱԺ դիմաց՝ նշելով. «ԱԺ-ում փորձում են անցկացնել մի օրենք, որը կվերացնի Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն