aravot.am Մենք ստացել ենք դիմումը եւ դիմումը սահմանված ընթացակարգով քննարկման փուլում է։ Այնպես որ, առաջիկայում կպատասխանեք, բնականաբար:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է երաշխավոր կանգնել, որ Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը փոխվի:
Հիշեցնենք, որ Դավիթ Մինասյանի մայրն է նման խնդրանք-դիմում փոխանցել նախարարին։
Հարցին՝ հաշվի առնելով Դավիթի առողջական խնդիրները, մի քիչ դանդաղ չի՞ ընթանում դիմումի քննությունը, նախարարը պատասխանեց՝ կարծում է, որ հարցը տեղին չէ, քանի որ դիմումից շատ քիչ ժամանակ է անցել․ «Պատշաճ ժամանակին կարձագանքենք»։
Կրթության հետ կապված խնդիր, ըստ նրա չի կարող առաջանալ, քանի որ օրենսդրությունն ապահովում է, որ նման իրավիճակներում կրթության հարցը կարգավորվի, եւ այն պահից, երբ Դավիթի առողջական վիճակը թույլ կտա՝ այդ հարցը կկարգավորվի։
Հիշեցնենք, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել, երբ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ մասնակցում էր Ծաղկազարդի օրվան նվիրված պատարագին։ Մասնավորապես, երբ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել․ «Տենց չնայես ինձ»,- դիմել է երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձել ձեռքով հարվածել։
Միջադեպից հետո ձերբակալվել էր երեք անձ։ Նրանց նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում:
Միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տղան անազատության հետ անհամատեղելի հիվանդություն ունի և պետք է գտնվի մոր մշտական հսկողության ներքո։
Ձերբակալվածներ մյուս երկուս անձինք ազատ են արձակվել։ Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, և կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով: Մյուս մեղադրյալի՝ Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը: