armenpress.am Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում տեղի ունեցավ «Էրազմուս+» ազգային գրասենյակի վերաբացման պաշտոնական արարողությունը։
«Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը բացման խոսքում նշեց, որ գրասենյակի բացումը օժանդակում է ազգային շահագրգիռ կողմերի և եվրոպական գործընկերների միջև երկխոսությանը՝ ապահովելով Էրազմուսի ծրագրերի հասանելիությունը։
«Ընդհանուր առմամբ «Էրազմուս+» ազգային գրասենյակն օժանդակում է հաստատություններին, բարձրացնում իրազեկումը և օգնում շահագրգիռ կողմերին՝ հատկապես շեշտը դնելով նորեկների վրա։ Այն նաև ներդրում է ունենում երկխոսության մեջ՝ ներդաշնակեցնելով ազգային օրակարգի և եվրոպական կրթական միջավայրի առաջնահերթությունները։ «Էրազմուս+»-ի սկզբունքներն են՝ մասնակցություն, քաղաքացիական ներգրավվածություն այն ամենին, ինչ հիմնված է համաշխարհային լավագույն պրակտիկաների վրա կրթության գիտության ու սպորտի ոլորտներում»,-ասաց Սարգսյանը՝ կարևորելով եվրոպական հաստատությունների և Հայաստանի միջև սերտ համագործակցությունը «Էրազմուս»-ի ծրագրերը կյանքի կոչելու համար։
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, կարևորելով գրասենյակի բացումը, բարձր գնահատեց «Էրազմուս+»-ի շրջանակներում Հայաստանում ձևավորված համայնքը, որը, նրա խոսքով, կամուրջ է դարձել ԵՄ-ի և Հայաստանի ակադեմիական հաստատությունների միջև, որոնք ներդրում են կատարում մարդկային կապիտալի մեջ։
Նա ընդգծեց մարդկային կապիտալի զարգացման ուղղված աշխատանքների շարունակականության անհրաժեշտությունը՝ միաժամանակ ապահովելով դրանց որակական կողմը։
«Կրթությունը և երիտասարդության համագործակցությունը ամենադիմադրողունակ և մեր հետագա հարաբերությունների ամենաուժեղ հենասյուներն են՝ «Էրազմուս+»-ի հովանու ներքո՝ ներառելով ուսանողների, ակադեմիական հաստատությունների աշխատակիցների, երիտասարդների շարժունակությունը, ինչպես նաև այն ամբողջ դիապազոնը, որն ընդգրկում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Ուզում եմ ընդգծել, որ «Էրազմուս+»-ի գրասենյակը կծառայի որպես հարթակ իրար ավելի մերձենալու և այն օգուտները ստանալու համար, որոնք ընձեռում են եվրոպական ծրագրերը»,-ասաց Մարագոսը։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորեց «Էրազմուս+» գրասենյակի ծրագրերը ոլորտում բարեփոխումների օրակարգի սպասարկման տեսանկյունից։
«Պետք է ուրախությամբ նկատեմ, որ մենք հաջողությամբ մասնակցում ենք այս բազմակողմ համագործակցության շրջանակներին՝ Եվրոպական միության գործընկերների հետ միասին, և խոսքը վերաբերում է ոչ միայն «Էրազմուս»-ին, այլ նաև «Հորիզոն Եվրոպա»-ին, «Ստեղծագործ Եվրոպա»-ին։ Ես շատ ուրախ եմ, որ համագործակցության այս բազմակողմ հարթակները դառնում են մեր ոլորտային համագործակցությունների զարգացման շատ լավ խթան։ Իհարկե, Եվրոպական միության հետ մեր համագործակցությունը գնալով խորանում է, և մեր Կառավարությունը մեկ անգամ չէ, որ քաղաքական հանձնառություն է հայտնել էլ ավելի խորացնելու այդ համագործակցությունը և գնալու որակական նոր թիրախների։ Հենց նման համագործակցություններն են՝ տարբեր կառույցների, տարբեր խմբերի, տարբեր մարդկանց ներգրավմամբ, որոնք բովանդակություն են հաղորդում, դարձնում են այդ համագործակցությունը ավելի կայուն և շարունակական»,-համոզմունք հայտնեց Անդրեասյանը։
Այնուհետև տեղի ունեցավ «Էրազմուս+» ազգային գրասենյակի պաշտոնական կայքի շնորհանդեսը։
Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակը գործում է «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» (ԳՆԳԱԿ) հիմնադրամի կառուցվածքում, որն ունի երկարամյա փորձ՝ որպես Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի (2021–2027 թթ.) Ազգային կոնտակտային անձանց ցանցի պաշտոնական համակարգող Հայաստանում, ինչպես նաև աջակցություն է տրամադրում համալսարաններին և գիտահետազոտական կազմակերպություններին՝ ԵՄ և այլ միջազգային դրամաշնորհային ծրագրերին վերջիններիս մասնակցությունը խթանելու համար։
«Էրազմուս+» ազգային գրասենյակն աջակցում է Եվրոպական հանձնաժողովին, Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալությանը (EACEA) և ազգային մարմիններին՝ բարձրագույն կրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, երիտասարդության և սպորտի ոլորտներում «Էրազմուս+» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով։