aravot.am Գնում ենք ընտրությունների մեր գաղափարների հաղթանակի ակնկալիքով՝ որպես Հայաստանին ինքնիշխան խաղաղություն բերելու ունակ միակ քաղաքական ուժ:
Այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀԱԿ վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ այս ընտրությունների գլխավոր հարցը խաղաղության հարցն է։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի դա, դրա համար էլ ընտրել է խաղաղությունը՝ որպես ընտրություններում կարգախոս։
«Ինքը փաստորեն որոշել է այդ կարգախոսով գնալ ընտրություններին, ավելին ասեմ՝ որոշել է ինչ-որ իմաստով խաղաղության մենաշնորհը վերցնել իր ձեռքը։ Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ գործ ունենք հերթական մեծ խարդախության հետ։ Նա փորձում է մեկ ու կես տարի սահմաններում չկրակելը, մի քանի վագոն բենզինը Ադրբեջանի տարածքով Ալիեւի թույլտվությամբ բերելը ներկայացնել որպես խաղաղություն, բայց դա խաղաղություն չէ։ Ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանը հրաժարվում է դա անել, մեր գերիները շարունակում են տանջվել Բաքվի բանտերում, իսկ Ադրբեջանում շարունակում են խոսել Զանգեզուրի եւ այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» տարածքների «ազատագրման» մասին»,- ասաց նա։
Ըստ Զուրաբյանի՝ ԹՐԻՓՓ-ը մնացել է մտադրությունների արձանագրության մակարդակի վրա, եւ, կարելի է ասել, վերջին զարգացումների արդյունքում կորցնում է իր կենսունակությունը։
«Ադրբեջանի կողմից առաջ են քաշվում պահանջներ, որոնք սպառնում են մեր ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը։ Ուրեմն, նրանք սուտ են ասում, որ խաղաղություն են բերել։ Սուտ են ասում, որ խաղաղության կուսակցություն են։ 2021 թվականին նորից հայտարարում էին, որ վերջապես բերել են խաղաղության դարաշրջան։ Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղության դարաշրջանի արդյունքում ոչնչացվեց Արցախը, գրավեցին ՀՀ ինքնիշխան տարածքները։ Եվ այսքան ստերից հետո Փաշինյանը նորից հանդգնում է իրեն ներկայացնել որպես խաղաղության կուսակցություն»,- հավելեց Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ «իրականում Փաշինյանն ու իր թիմը ապացուցված պատերազմի կուսակցություն են»:
«Այս ամենին մենք հակադրելու ենք ինքնիշխան խաղաղության կառուցման մեր մոդելը։ Խաղաղության կուսակցությունը մենք ենք եւ այդպիսին ենք եղել ի սկզբանե։ Մենք միշտ էլ ասել ենք, որ պետք է կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որ մեր ազգային անվտանգության գլխավոր երաշխիքը հենց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մեջ պետք է փնտրել։ Եվ մենք շատ արդյունավետ ենք գործել այդ ուղղությամբ»,- նշեց նա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում